Ադիբեկյան. ՀՀ բնակչության 50%-ն աղքատության շեմից ներքև է

Ադիբեկյան. ՀՀ բնակչության 50%-ն աղքատության շեմից ներքև է

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով` Հայաստանի բնակչության 50%-ը գտնվում է աղքատության շեմից ներքև։ 25%-ի եկամուտների աղբյուրները պետական նպաստներն են։ Այս մասին լրագրողներին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Նույն գումարը մի երկրում մարդուն կարող է դարձնել աղքատ, ուրիշ երկրում` բավականին բարեկեցիկ։ ՄԱԿ-ի չափանիշներով ՝ օրական 2 դոլարը աղքատության շեմն է, 1 դոլարը` չքավորության շեմը»,- ասել է Ադիբեկյանը։

Նրա խոսքով, 2015-ին ամեն 6-րդ ընտանիքն ապրում էր դրսից եկած գումարներով, այս տարի` ամեն 7-րդը, բայց իր` աղքատ լինելն ընդունում է ընդամենը 195-ը, գրում է Yerkir.am-ը:

«Աղքատության պատճառներից է այն, որ փոքր ու միջին բիզնեսի մեկ երրորդը չի աշխատում։ Դա նշանակում է, որ կրճատվել է միջին դասը, որը գոնե գոյատևում էր և մարդկանց աշխատանք տալիս։ Բարեկեցության մակարդակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին շարքերում»,- ասել է սոցիոլոգը:

Ադիբեկյանի տվյալներով` ՀՀ-ում ամեն 10-րդ ընտանիքը սոված է, 30 տոկոսին հաջողվում է բավարարել հիմնական պահանջներ, 20 տոկոսն ունի եկամուտներ, 5 տոկոսն իրեն ոչնչում չի սահմանափակում։

«Ամենաբարեկեցիկ կյանքը վարում են Սյունիքում, որովհետև այնտեղ կա առաջնային աշխատատեղ»,- հայտնել է սոցիոլոգը, ապա հավելել, որ, ըստ անցկացված հարցումների, այսօր մեր երիտասարդների 70 տոկոսը իր ապագան տեսնում է դրսում:

Ադիբեկյանը համոզված է, որ աղքատության դեմ պայքարելու համար պետք է նոր աշխատատեղեր բացել։

Նոյեմբերի 8-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2015 թթ. ժամանակահատվածում: Սա տասնյոթերորդ հրապարակումն է ՀՀ ԱՎԾ-ի ամենամյա համանուն զեկույցների շարքում:

Ըստ զեկույցի, 2015-ին ՀՀ բնակչության 2%-ը եղել է ծայրահեղ աղքատ, 10.4%-ը՝ շատ աղքատ, 29.8%-ը՝ աղքատ: Այսինքն, երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41.698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 30.0% էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսային կետով: 2015 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` մոտ 310 հազար (ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները):

Կարդացեք նաև՝ Թվապատում. ՀՀ բնակչության 29.8%-ը աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---