Վարչապետը՝ Սվիտալսկուն. Կոռուպցիայի դեմ պայքարելու ենք նոր օրենքներով

Վարչապետը՝ Սվիտալսկուն. Կոռուպցիայի դեմ պայքարելու ենք նոր օրենքներով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով: Այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ ընդունելու ժամանակ:

Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար:

Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

«Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարապետյանը:

Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:

Նոյեմբերի 3-ի Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին:

Առաջին հանձնարականն ուղղված էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին. «Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երկշաբթայա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը, խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագծին»:

 Ուշագրավ
---