Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը

Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողները տապալել են Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, թուրքական բանակի սպա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին գրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակը՝ Բեյլորի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Գոուրիչը, մի քանի նախադասություն է ասել, երբ մոտ 20 ուսանող բողոքի ձայն են բարձրացրել և անդադար կրկնել «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար» և «Ցեղասպանությունը հերքող» արտահայտությունները: Daily Sundial‎-ը գրում է, որ Ցեղասպանությունը հերքելու մեջ ուսանողները մեղադրել են նաև Գոուրիչին:

Նշվում է, որ մուտքի մոտ կանգնած ոստիկանները լսել են աղմուկը և դասախոսին դուրս ուղեկցել լսարանից:

Դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Մեր ուղերձը հետևյալն էր` «դադարեցրեք Ցեղասպանության ժխտումը, որը միլիոնավոր կյանքեր է արժեցել: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել. դա անհեթեթություն է»,- նշել է ցուցարար երիտասարդներից Էրիկ Բադիվիանը:

Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը թուրք քաղաքական, ռազմական և պետական գործիչ է, Թուրքական Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահը։ Մասնակցել է 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխությանը։ 1919 թվականին Անատոլիայում գլխավորել է ազգայնական, քեմալիստական (իր անունով) շարժմանը, փաստացի կառավարելով իր իսկ գլխավորած Ներկայացուցչական կոմիտեի միջոցով Անտանտի տերությունների կողմից չգրավված տարածքը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---