«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրենը հուսով է, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչին: Նախագահը կարեւորել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ կառավարության համագործակցությունն ու օժանդակության այն ծրագրերը, որոնք ուղղված են բարեփոխումների խորացմանը, երկրի համար կարեւորագույն մի շարք խնդիրների լուծմանը:



«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման միջեւ անհամաչափության հաղթահարումը, երկրի ղեկավարն ասել է, որ այդ առումով ակնկալիքները ծրագրից բավականին մեծ են»,-ասել է Ռ.Քոչարյանը:



Ջոն Դանիլովիչը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից: Նա համառոտակի ներկայացրել է ՀՄԿ առաջիկա ծրագրերը եւ ԱՄՆ կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ իր քննարկումներն ու ակնկալիքները` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի հետագա շարունակման առումով:



«Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով, եւ մենք երկրի զարգացման հեռանկարը տեսնում ենք արդյունավետ բարեփոխումների մեջ»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել. տարիներ շարունակ իշխանություններն աշխատել են հասարակության մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ երկրի զարգացման միակ ճանապարհը համակողմանի եւ արդյունավետ բարեփոխումներն են: Ըստ նախագահի, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած այդ կուրսը:



Խոսելով ընտրությունների մասին, դեսպան Դանիլովիչն ասել է, որ դրանց արդյունքները չափազանց կարեւոր են կորպորացիայի համար: Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, եւ որոշ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ ենթարկվել են պատասխանատվության, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---