«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ու ANCC-ն դատապարտել են Հրանտ Դինքի որդու հանդեպ դատական հետապնդումը21 հունիսի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ստամբուլի դատարանի որոշումն Արատ Դինքին եւ նրա գործընկերոջը քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ: «Մենք պետք է մեկ անգամ եւս դատապարտենք Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի կիրառումը, որը սպառնում է խոսքի ազատությանը»,-նշվում է հայտարարության մեջ: Իր հերթին, Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC) դիմել է Կանադայի կառավարությանը եւ միջազգային հանրությանը կոչ անելով Թուրքիային մերժված երկիր հայտարարել եւ լուրջ միջոցներ ձեռնարկել, ստիպելու համար նրան ճանաչել մարդկության դեմ կատարած իր նախնիների հանցագործությունները: «Կանադան, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Եվրամիությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ ավելորդ նրբանկատությունից եւ պատասխանատվության կանչեն նրան: 301-րդ հոդվածը խոչընդոտում է խոսքի ազատությանը: Նա ստիպում է լռել այլախոհներին, որոնք համարձակվում են մարտահրավեր նետել Հայոց ցեղասպանության մասին թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: Քաղաքակիրթ աշխարհը չի կարող դառնալ Թուրքիայում Ցեղասպանության ուրացման եւ անհանդուրժողականության, ատելության ու այլատյացության բորբոքման հանցակիցը»,-ասել է ANCC գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը: Նա ընդգծել է, որ մեղադրանքներն ընդդեմ «Ակոսի» լրագրողների ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը անկեղծ չէ Հայաստանի հետ երկխոսության եւ հաշտեցման իր այսպես կոչված առաջարկներում: «Դրանք քաղաքական վարժանքներ են, ոչ այլ ինչ քան PR-հնարքներ եւ դիվերսիա` երկու ազգերի միջեւ առկա իրական խնդրին չանդրադառնալու ցանկություն»,-գտնում է Բաբիկյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCC-ում: Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջում Հրանտ Դինքի որդու Արատ Դինքի եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի համար, որոնց մեղադրում են «թուրք ազգին վիրավորելու» համար: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Արատ Դինքի եւ Ս.Սերոբյանի դեմ հասարակական գործերի նախարարությունը դատական հայց է ներկայացրել Հրանտ Դինքի հարցազրույցը վերահրատարակելու համար, որտեղ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Եթե Ա.Դինքը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում: Նշենք, որ հենց այդ 301-րդ հոդվածով «թուրք ազգին վիրավորելու» համար էր դատապարտվել նաեւ Հրանտ Դինքը, որին դատապարտել էին վեց ամսվա պայմանական ազատազրկման եւ որը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում, 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամաստի ձեռքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |