Ջրային կոմիտեի նախագահ. 100%-ով հաշվառվող ոռոգման ջուր կունենանք ոռոգման սեզոնին ընդառաջ

Ջրային կոմիտեի նախագահ. 100%-ով հաշվառվող ոռոգման ջուր կունենանք ոռոգման սեզոնին ընդառաջ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ոռոգման սեզոնին ընդառաջ՝ 100%-ով հաշվառվող ոռոգման ջուր է ապահովվելու: Սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը, ասել է ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ Համաշխարհային բանկի ջրային ոլորտի առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը:

ՀԲ պատվիրակության հերթական այցի նպատակը Կոմիտե Հայաստանի ջրային ոլորտում PPP (պետական-մասնավոր գործընկերության) 15-ամյա փորձի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի ներկայացումն էր:

«Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի փորձը շատ կարևոր է Համաշխարհային բանկի համար, քանի որ դրա արդյունքները կարող են օրինակելի լինել, իսկ փորձը կարելի է տեղայնացնել աշխարհի շատ այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության համակարգի ներդրման ընթացքում»,- ասել է ՀԲ ջրի և մաքրման գծով ավագ մասնագետ, առաքելության ղեկավար Ֆիլիպ Մարինը:

Նա նշել է, որ ՀԲ-ն իր ջրային ոլորտի առաքելությունը Հայաստանում սկսել է 2000-ից, և արդյունքները թույլ են տալիս վստահորեն ասել, որ բանկը պատրաստակամ է աջակցել ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Արսեն Հարությունյանը ՀԲ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել է ջրի հաշվառման խնդրին և նշել.

«Մեր նպատակներից մեկը խմելու և ոռոգման ջուրը հաշվարկելի, հաշվառվող դարձնելն է: Նախորդ տարիներին ՀԲ-ի աջակցությամբ մոտ 80 հաշվիչ է ձեռք բերվել, որոնց միջոցով պետք է իրականացվեին այդ հաշվարկները: Ցավոք, դրանք ինչ-ինչ պատճառներով չեն միացվել համակարգին: Այս տարի մենք լրացնելու ենք նաև այդ բացը՝ փորձելով հնարավորինս վերահսկելի դարձնել ջրային հոսքերը»:

Հանդիպման ընթացքում Հարությունյանն անդրադարձել է նաև Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագրին: Նա նշել է, որ ամիսներ առաջ հայտարարված մրցույթի պայմանները բավականին խիստ են եղել, ինչը թույլ է տվել ընտրություն կատարել առավել մրցունակ հավակնորդների միջև:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---