Ավստրիայի խորհրդարանն ընդունել է զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու նախաձեռնությունը

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Ավստրիայի խորհրդարանն ընդունել է 6 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունը զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին: Պատգամավորները կոչ են անում երկրի իշխանություններին դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներ, որտեղ ռազմական դրություն է կամ որտեղ կա զինված հակամարտության վտանգ, հայտնում է Ռոսբալտը:

Նշվում է, որ փաստաթղթում հատուկ շեշտադրված է Թուրքիան, որտեղ «խախտվում են մարդու իրավունքները, իսկ ներկրված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ», ասվում է փաստաթղթում:

«Մենք դեմ ենք դիպուկահար զենքի արտահանմանը Թուրքիա»,-մեջբերում է պարբերականը Կանաչների կուսակցությունից պատգամավոր Պետեր Պիլցի խոսքերը: Ըստ նրա, մյուս երկրները ևս պետք է հետևեն Վիեննայի օրինակին:

Փաստաթուղթը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն, հատկանշական է, որ Ավստրիան ԵՄ առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացնում:

Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը բացահայտ հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: «Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը: Նա քննադատել է այն իրողությունը, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունները Թուրքիայի հետ ապօրինի ներգաղթյալների մասին պայմանագրի պատճառով փորձում են «ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»: Ավստրիացի նախարարն ասել է, որ Թուրքիան, հետապնդելով և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին ու մահապատիժը վերականգնելու մտադրությամբ «գնալով ավելի բացասական ուղղությամբ է շարժվում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---