ՀՀ-ն Անգոլայի հետ բանակցում է ադամանդի հումքի ձեռքբերման մասին![]() 25 նոյեմբերի 2016 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներից ստանալ լիարժեք տեղեկատվություն առկա խնդիրների մասին և ներկայացնել ոլորտի առաջիկա տարիների զարգացման, նախարարության կողմից մշակված, ծրագրի նախագիծը։ Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։ Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ. զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը: Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ այս ոլորտը նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է: «Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտի զարգացման, արտադրանքի արտահանման համար: Կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացկարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում», - ասել է Սուրեն Կարայանը: Նախարարի խնդրանքով հանդիպման մասնակիցները ներկայացրել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում լուծում պահանջող խնդիրները, ակնկալելով դրանց վերաբերյալ պետական գործուն աջակցություն։ Մասնավորապես խնդիրների շարքում արծարծվել է պետական աջակցության և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական և մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։ Լիովին ընդունելով ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, նախարարն առաջարկել է այնուամենայնիվ առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները և ներուժը, արդեն իսկ ստեղծված և գործող գործիքակազմը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համատեղ քննարկել աջակցության նոր մեխանիզմները։ Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ են ընթանում Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։ Նախարարը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել իրենց տրամադրված՝ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը և ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի վերջնական տարբերակի կազմման հարցում, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ցուցանիշները տևական անկումից հետո 2016-ին կտրուկ աճել են: 2016թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ադամանդի արտադրությունը կազմել է 24,0 մլրդ դրամ (այս ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից հետո)` 2015թ. նույն ժամանակահատվածում եղել է 11,5 մլրդ դրամ: Աճը կազմել է 108 տոկոս: Ոսկերչության մեջ հունվար-հունիս ժամանակահատվածում արտադրվել է 1,98 մլրդ դրամի ապրանքային արտադրանք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1,59 մլրդ դրամի դիմաց: Աճը կազմել է 24 տոկոս: 2016թ. տարեվերջին ակնկալվում է ադամանդի արտադրության կրկնակի աճ (100%) 2015թ. համեմատությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |