ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը 1915-ի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն![]() 6 դեկտեմբերի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, հարց բարձրացնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ցեղասպանություն եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, որը դրա փոխարեն խոսում է զանգվածային կոտորածների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում Օբամայի դեսպանը անցած շաբաթ իր ղեկավարից ավելի հեռուն գնաց», - գրում է Associated Press-ը, մանրամասնելով՝ Նյու Յորքում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Սամանթա Փաուերը խոսել է մինչ օրս շարունակվող պատմական անարդարությունների մասին, այդ շարքում հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: «Փաուերը ընդամենը հինգ բառ ասաց՝ առանց մանրամասնելու, սակայն այդ հինգ բառը կարող են գազազեցնել Ամերիկայի գործընկեր և ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային, որը կատաղի ձևով ընդդիմանում է Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման», - փաստում է գործակալությունը, ընդգծելով՝ հայտարարությունը արտառոց էր նաև՝ հաշվի առնելով, որ Սամանթա Փաուերը կարգավիճակով Ամերիկայի երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետն է, և սա կարող է ընկալվել որպես նրա կողմից քննադատություն Բարաք Օբամայի հասցեին: «Առաջին անգամ առաջադրվելով Միցյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ Բարաք Օբաման խոստացավ հաղթանակի դեպքում ճանաչել հայերի ջարդերը որպես ցեղասպանություն, բայց հետո պարբերաբար դրժեց խոստումը՝ ապրիլի 24-ի իր ուղերձներում տեղի ունեցածը բնորոշելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային կոտորածներ և ողբերգություն, որ չպետք է կրկնվի», - հիշեցնում է Associated Press-ը: Ինքը Սամանթա Փաուերը մինչև Օբամայի վարչակազմ մտնելը ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, որը բավական հաճախ էր անդրադառնում ցեղասպանությունների հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը: «Պաշտոնյաները պնդում են, որ կուլիսներում Փաուերը հետևողականորեն աշխատել ու համոզել է Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Associated Press-ը: Վերջինիս խոսնակ Քուրթիս Քուփերը, մեկնաբանելով դեսպանի խոսքերը, պնդել է՝ դրանք չեն վկայում վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին և նպատակ են ունեցել «համոզել այլոց ակտիվ պայքարել և ոչ թե կողքից նայել անարդարություններին, զանգվածային ջարդերին ու ցեղասպանությանը»: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս պնդել է, թե այս հարցում ամերիկյան պաշտոնական ուղեգիծը չի փոխվել: «Նախագահն ու վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս սգացել են և ճանաչել են մեկևկես միլիոն հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ ընդգծելով, որ պատմական փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ 216-ի ապրիլյան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |