Համբուրգում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Համբուրգում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մինսկի խմբի համանախագահները ևս մասնակցել են հանդիպմանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն են տարածել, նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է «ճկունություն ցուցաբերեն և վերադառնան բանակցությունների սեղանի մոտ»: Լավրովը, Քերրին և Էյրոն պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել երկու նախագահների հանդիպումը, «երբ նրանք դրան պատրաստ կլինեն»:

Ընթերցեք նաև. ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---