ՀՀ մշակույթի նախարարությունն ու Էրմիտաժը կգործակցեն

ՀՀ մշակույթի նախարարությունն ու Էրմիտաժը կգործակցեն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև։ Փաստաթուղթը Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում ստորագրելու են նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Միխայիլ Պիոտրովսկին իր ծննդավայր Երևան է ժամանում որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, որը զբաղվում է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով, գրում է Aysor.am-ը։

Պիոտրովսկին մասնակցելու է հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությանը, «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցելու է կլոր սեղանի, հանդիպելու է Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարնների ուսանողների և դասախոսների հետ։

Էրմիտաժում ներկայացված են Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոները: Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում:

1936-ին երկրաբան Ա. Դեմյոխինը բլրի հարավ-արևելյան լանջին գտավ բազալտե քարի մի բեկոր: Վերջինս կրում էր սեպագիր արձանագրություն, որտեղ կարդացվում էր Արգիշտիի որդի Ռուսայի անունը: Հետախուզական աշխատանքները պարզեցին, որ բլուրը ծածկված է հին շինություններով: Հրդեհից հուշարձանը կարմիր գույն էր ստացել, որի պատճառով մոտակա գյուղի բնակիչները այն Կարմիր բլուր էին անվանում: Հաշվի առնելով հետախուզական աշխատանքների արդյունքները` 1939-ին երեք արշավախումբ համատեղ սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումներ` Պետական Էրմիտաժի (Բ. Պիոտրովսկի), Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի (Կ. Ղաֆադարյան) և ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի (Ս. Տեր-Ավետիսյան) կողմից: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պեղումները ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թ.` շարունակվելով մինչև 1971 թ., ակադեմիկոս Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---