Մամեդյարով. ԼՂ հարցում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք ունենալ![]() 29 դեկտեմբերի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: 2016-ին, նրա խոսքով, այս խնդրին միջազգային մի շարք կազմակերպություններ են անդրադարձել` ՄԱԿ-ից մինչև Իսլամական համագործակցության կազմակերպություն, «Ազերթաջ»-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել», - պնդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետությունների ղեկավարների մակարդակով, բազմիցս են հանդես եկել հայտարարություններով` ստատուս քվոյի փխրուն բնույթի և անթույլատրելիության մասին: Ադրբեջանը ներկայում առկա ստատուս քվոյի փոփոխության ամենաշահագրգիռ կողմն է: Այս համատեքստում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակում անցկացված քննարկումները մենք որպես ճիշտ ուղղությամբ ձեռնարկված դրական քայլ ենք գնահատում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց հապաղման կյանքի կոչենք այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Մամեդյարովի խոսքով՝ միայն հստակ գործողությունները հնարավորություն կտան փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Կարդացեք նաև՝ ՀՀ պետսահմանին դիվերսիայի փորձի արդյունքում հայկական կողմը 3 զոհ ունի Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |