Գողթի վարդեր աճեցնող ջերմատունը կարող է աշխարհում ամենախոշորը դառնալ14 հունվարի 2017 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարը Գողթ համայնքում այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի աճեցման ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերությունից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս Ղարիբյանի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել ջերմատնային տնտեսությունների տարածքը ևս 15 հեկտարով, որի շնորհիվ ընկերությունը կարող է դառնալ վարդեր աճեցնող աշխարհի ամենախոշոր ջերմատունը: Բացի այդ, ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա վարդերի ինքնարժեքը նվազեցնել մոտ 20-22 տոկոսով և կրկնապատկել արտահանման ծավալները: Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը` նա նշել է, որ դա ևս կնպաստի վարդերի ինքնարժեքի նվազմանը մոտ 5-6 տոկոսով: Նշելով, որ «Էկոտոմատո» ընկերությունում 2016-ին աճեցվել է մոտավոր հաշվարկներով 19 մլն վարդ, Մարկոս Ղարիբյանը ավելացրել է, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելացնել այդ ցուցանիշը: Նրա խոսքով` արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Վրաստան, իսկ մնացածը սպառվում է ներքին շուկայում: Այժմ քայլեր են ձեռնարկվում արտահանումները հոլանդական և ֆրանսիական շուկաներ վերսկսելու ուղղությամբ: Այնուհետև նախարարն այցելել է Արամուսում գտնվող միջին հզորության ջերմատուն, զրուցել հիմնադիր Սամվել Թևոսյանի և Քաջիկ Հակոբյանի հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես ագրո» ընկերությունում, որի հիմնադիր Սամվել Կարապետյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Լոլիկի բերքատվությունն այստեղ կազմում է 51-52 կգ/քմ, համախառն բերքը տարեկան կազմում է մոտ 1900 տոննա: Ջերմատանը լոլիկի մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել ևս 12,2 հա ջերմատուն: Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մի շարք խոշոր և միջին ջերմոցային տնտեսություններում առկա խնդիրներին և ընկերությունների ղեկավարների հետ քննարկել գազի սակագնի նվազեցման հնարավոր արդյունքները: «Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», – նշել է Առաքելյանը: Ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների ոլորտն ամբողջ աշխարհում գյուղատնտեսության բնագավառի ամենաարագ զարգացող և մեծ ներուժ ունեցող ոլորտներից է` նախարարը կարևորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Նախարարը կարևորել է նաև համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչին կնպաստի Համաշխարհային բանկի կողմից Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ ջերմատների մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Իր հերթին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը և չաշխատող ջերմոցների վերագործարկմանը: Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |