Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը17 հունվարի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այա մասին հայտնի է դարձել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրության հրապարակումից հետո: ԵԱՀԿ նախագահող կողմը նիստի ժամանակ ասել է, որ հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ՝ չնայած այն մոտ է եղել: Մշտական խորհրդի նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն իր ելույթում նշել է, որ քննարկումների ընթացքում «մի պատվիրակություն մտահոգություն է հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը չի համապատասխանում առաքելության մանդատին»: Նա հավելել է, որ Գերմանական նախագահությունը Երևան է ուղարկել ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին՝ գնահատելու առաքելության գործունեության բնույթը: Հիմնվելով նրա զեկուցման վրա՝ նախագահությունը եկել է եզրակացության, որ քննարկվող գործունեությունը չի հակասում առաքելության մանդատին: Շտայնմայերի խոսքով՝ հաջորդող Ավստրիայի նախագահության հետ իրենք աշխատել են առկա մտահոգությունները բավարարելու ուղղությամբ: «Չափազանց ցավալի է, որ դեռ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ, չնայած ըստ էության գտնվել է բոլորի համար ընդունելի լուծում: Մնացած հարցերը զուտ ընթացակարգային բնույթի են, և մենք վստահ ենք, որ դրանք կարճ ժամանակում կլուծվեն Ավստրիայի նախագահության օրոք»,- ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա նաև կայացնել որոշումներ, որոնք այժմ արգելափակված են: Նա նշել է, որ քանի որ սպասվում է կարճ ժամանակում առաքելությունների մանդատների վերաբերյալ որոշումներ, նախագահող կողմը խորհուրդ կտա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին այս պահին չսկսել այդ առաքելությունների փակման ընթացակարգը: Շտայնմայերն շեշտել է, որ դաշտային առաքելությունների գործունեության առանձին տեսակներին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն բյուջեի բանակցությունների շրջանակում, և այդ առումով նա ուշադրություն է հրավիրել իրավիճակի բացառիկության վրա, որը հեռու է ապագայում մանդատի երկարացման որոշումների համար օրինակ ծառայելուց: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ մասնակից պետությունները, որոնք շարունակվող հակամարտությունների ֆոնին առավելագույնս կարող էին շահել ԵԱՀԿ գործունեությունից, ամենաքիչն են հակված փոխզիջման: «Ընտրած դիրքորոշումների պնդումը, ճկունության պակասը, անգամ երբ բովանդակային բոլոր հարցերը ստացել են պատասխաններ, վնասում են մեր աշխատանքին և անվտանգության և համագործակցության խթանման ուղղությամբ մեր ընդհանուր ջանքերին: Եթե այդ վերաբերմունքը շարունակվի կամ դառնա սովորական պրակտիկա, այն ԵԱՀԿ-ն անգործունակ կդարձնի»,- ասել է մշտական խորհրդի նախագահը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում: Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին լուրջ մտահոգության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, ինչը «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում է»: Ադրբեջանը դժգոհություն է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցություն է տրամադրում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ականազերծման աշխատանքների հարցում: Հայաստանի ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է նվազեցնել ԵԱՀԿ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հիշեցնելով, որ այն նախ նվազեցրել, այնուհետև պարզապես փակել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Այժմ Ադրբեջանը փորձում է թիրախավորել տարածաշրջանում մնացած ԵԱՀԿ-ի առաքելությունները՝ «զրպարտություն և անհիմն մեղադրանքներ տարածելով»: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է հանդուրժի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ տեխնիկական որոշումը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին լիարժեք առաքելության վրա հարձակման համար օգտագործելու ներկայիս աննախադեպ փորձը: «Ցանկացած անսկզբունքային դիրքորոշում կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես ԵԱՀԿ-ում ապակառուցողական դիրքորոշման համար խրախուսանք: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ն ընկալում է որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր ընկալումներն առաջ տանելու համար»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մենք չենք կարող տպավորություն ստեղծել, որ հանդուրժելու ենք Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ն քայքայող քայլերը և կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը: Հայաստանի ներկայացուցիչը նաև պնդել է, որ իր հայտարարությունը կցվի նիստի արձանագրությանը: Կարդացեք նաև՝ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ. «Բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ» Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |