Մեթյու Բրայզա. Ամոթ կլիներ, եթե Մինսկի գործընթացը դադարեցվեր

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած կարգավորում պետք է փոխզիջում լինի: Հունիսին Սանկտ-Պետերբուրգու կայացած նախագահների հանդիպումից հետո հասկանալի չէր, թե արդյոք նրանք ցանկանում են կարգավորման փոխզիջումային ուղի փնտրել: Սակայն հետո ես զգացի, որ առաջնորդները դեռ մտադիր են շարունակել աշխատանքը Մինսկի գործընթացի շրջանակներում»,- Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, «ամոթ կլիներ, եթե Մինսկի գործընթացը, որը շարունակվում է այսքան տարի, դադարեցվեր: Մենք պետք է օգտագործենք մինչեւ ընտրությունները մնացած ժամանակահատվածը, որպեսզի ավարտենք հիմնային սկզբունքների ձեւակերպումը, եւ այդ սկզբունքները պետք է լինեն Հելսինքիի գործընթացի շրջանակներում, եւ հանգեցնեն խաղաղ կարգավորման»:



Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Մոսկվայում կայացած վերջին խորհրդատվությունների մասին` ամերիկացի համանախագահը նշել է. «Իմ գործընկերները երեկ հետաքրքիր գաղփարներով են հանդես եկել, որոնք ծնվել են պետերբուրգյան հանդիպումներից հետո: Այս գործընթացում ընդամենը մի քանի բարդ պահեր կան, որոնք պետք է լուծվեն, եւ որոնք կարելի է լուծել: Անհրաժեշտ է միայն երկրների առաջնորդների որոշումը: Մինսկի խումբը կարող է միայն առաջարկել, սակայն որոշումը կողմերինն է»:



Ինչ վերաբերում է ՄԽ համանախագահների այցելությանը Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքով, նա նշել է, որ «դա զուտ տեխնիկական հարց է»: «Մենք պետք է խորհրդակցենք անվտանգության փորձագետների հետ: Միայն խորհրդատվություններից հետո է կարելի խոսել այդ մասին»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բրայզան եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՄԽ երկրները ճանաչում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տարածքային ամբողջականությունը Հելիսինքիի ակտում արտահայտված սկզբունքներից մեկն է: Մյուս երկու սկզբունքները ուժի չկիրառումն է, ինչպես նաեւ ինքնորոշումը, այլ ոչ թե անկախությունը: Ինքնորոշումը կարող է շատ բան նշանակել: Մեր բոլորիս համար` երկրների նախագահների, համանախագահներիս եւ ժողվուրդների, այս հարցերով ամենաբարդ բանը փոխզիջում գտնելն է, սակայն ես հավատում եմ, որ այն կարելի է գտնել: Մենք մոտ ենք դրան: Կողմերից երկուսն էլ պետք է ինչ-որ բան զիջեն, որպեսզի ինչ-որ բան ստանան»,- ընդգծել է Մեթյու Բրայզան:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---