ՀԿ. Քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, վերասոցիալականացումը չի աշխատում

ՀԿ. Քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, վերասոցիալականացումը չի աշխատում

PanARMENIAN.Net - Քրեական ենթամշակույթով պայմանավորված խնդիրները քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) շարունակում են արդիական մնալ և բազմաթիվ դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստանում, այդպես էլ չեն բացահայտվում, հայտնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն:

Նշվում է, որ հայաստանյան ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դրա արժեհամակարգի կրողների մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների կողմից, սակայն խնդրի լուծմանն ուղղված քայլեր պետությունն այդպես էլ չի ձեռնարկում:

Այս խնդրին հերթական անգամ անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ)՝ 2016թ. նոյեմբերին հրապարակած զեկույցում, որը ներկայացնում է 2015թ.-ին Հայաստան կատարված այցի արդյունքները և դիտարկումները, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից հրապարակված Եզրափակիչ դիտարկումներում, որում խնդիրը ներկայացված է դատապարտյալների շրջանում բռնության կիրառման համատեքստում: Բռնությունները Կոմիտեն պայմանավորում է լայն տարածում ունեցող քրեական ենթամշակույթով և հիերարխիկ հարաբերություններով։

ԽԿԿ փորձագետները, իրենց հերթին, թեև «Վանաձոր» և «Արմավիր» ՔԿՀ-ներ կատարած այցերի ընթացքում չեն արձանագրել վատ վերաբերմունքի դեպքեր անձնակազմի կողմից, անգամ որևէ բողոք չեն ստացել, սակայն որպես լուրջ մտահոգության տեղիք տվող պրակտիկա նշել են քրեական ենթամշակույթի և դրանով պայմանավորված հիերարխիկ հարաբերությունների առկայությունը, որն առնվազն հանդուրժվում է վարչակազմի կողմից։ Զեկույցում հտակ նշվում է «զոն նայողների» ինստիտուտի մասին, որոնց վարչակազմը ոչ պաշտոնապես փոխանցել է լրակազմի նկատմամբ վերահսկողոթյուն իրականացնելու և կարգապահությունն ապահովելու իր լիազորությունների մի մասը։ Բացի այդ, նրանց տրվել են զգալի ծավալով արտոնություններ, այդ թվում՝ հիմնարկով հարաբերականորեն ազատ շրջելու, ակնհայտորեն շատ ավելի լավ, «շքեղ» պայմաններով խցում մնալու և այլն։

Ըստ ԵԽ ԽԿԿ-ի զեկույցների՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի վերաբերյալլ զեկույցները այդ պետությունների պահանջով հրապարակման ենթակա չեն) մտահոգիչ են քրեական ենթամշակույթի ծավալը և այդ ենթամշակույթի կրողների գործունեությունը բանտերում: ԽԿԿ-ն նման պրակտիկան անթույլատրելի է համարում, քանի որ այն հանգեցնում է դատապարտյալների միջև անհավասարության, մեծանում է բանտարկյալների շրջանում բռնության դրսևորումների ռիսկը և շատերը հայտնվում են խոցելի վիճակում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն նշում է, որ քրեական ենթամշակույթը հին արմատներ ունի, սակայն հիմնականում ինստիտուցիոնալացվել է ստալինյան ժամանակաշրջանի «Կուլակների ճամբարներում» 1930-1940-ականներին և նոր թափ ստացել 1960-ականներին: Քրեական կամ «գողական» օրենքները ոչ միայն տարածում են ստացել բանտերում և ճամբարներում, այլ բավականին լուրջ ազդեցություն են ունեցել հասարակության լայն շերտերի վրա, հատկապես՝ Հայաստանում։ Այդ ենթամշակույթին բնորոշ կանոնները բավականին խիստ էին և դրանք խախտելը կարող էր հանգեցնել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև մահ։

Այդ ոչ ֆորմալ «օրենքները» թեև ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխության, սակայն, ընդհանուր առմամբ, պահպանվել են։ Ներկայիս քրեական ենթամշակույթին բնորոշ բոլոր երևույթները հենց այս շրջանում են ձևավորվել, օրինակ՝ աշխատանք կատարելուց հրաժարվելը, թղթախաղը, հատուկ դաջվածքները, ուժով խնդիրների լուծումը, սեռական բռնությունը որոշ խմբին պատկանող դատապարտյալների նկատմամբ և այլն:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը նշում է, որ այսօր` ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց, նախկին խորհրդային երկրներից շատերում այդ պրակտիկան ոչ միայն չի վերացել, այլ ընդհակառակը՝ այն կարծես թե պրոպագանդվում է ԶԼՄ-ներով։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտարկումները ցույց են տալիս, որ լայնորեն տարածված է դրամական միջոցների շորթումն ի օգուտ ընդհանուր բյուջեի, այսպես կոչվող «օբշչակի», որից կատարվում են տարատեսակ ծախսեր։ Հիմնարկի գրեթե բոլոր խցերից գումար է հավաքվում, այն կարող են տրվել «կամավոր» կամ հավաքագրվել ստիպողաբար։

Ամենավտանգավոր երևույթը թղթախաղի կամ նմանատիպ գործունեության արդյունքում պարտադրված պարտքերն են, որոնց չվճարումը խիստ բացասաբար է ազդում ազատությունից զրկվածի վրա։ Պարտքերի հավաքագրման մեխանիզմն էլ է շատ լավ աշխատում։

Նույն տրամաբանությամբ է կազմակերպված նաև տեղեկությունների փոխանակումը, թմրամիջոցների և այլ արգելված իրերի շրջանառությունը։ Բացի այդ, նման համակարգը թույլ է տալիս վերահսկել իրավիճակը ամբողջ հիմնարկում, ինչի արդյունքում թեթևանում է նաև վարչակազմի աշխատանքը, ուստի վերջինս հանդուրժում և համագործակցում է բանտային հիերարխիայում բարձր դիրք գրավողների հետ։ Մասնավորապես, «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների վարչակազմերը ԽԿԿ-ին բացահայտ հայտնել են, որ վարչակազմի համալրման հետ կապված դժվարությունների պատճառով «զոն նայողներ» ունենալու պրակտիկան պարզապես անխուսափելի է բանտում կարգ ու կանոն հաստատելու համար:

Անկախ պատճառներից, այդ խավից այլ խավ տեղափոխվելու որևէ հեռանկար չկա, և պատժի կրման ողջ ընթացքում այդ խավին դասվող անձինք ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի այլ դատապարտյալների կողմից, նրանք ներգրավվում են ամենակեղտոտ և այլ դատապարտյալների համար ոչ վայել համարվող աշխատանքներում, նրանց պահման պայմանները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում (հատկապես «Նուբարաշենում») ծայրահեղ վատն են։ Նրանց չի թույլատրվում պատիժը կրել այլ խավերին պատկանող դատապարտյալների հետ նույն խցում։

ՀԿ-ն պնդում է, որ այս ամենը հանդուրժվում է վարչակազմի կողմից։ Ավելին, նույն վերաբերմունքն այս խմբի նկատմամբ ունի նաև հենց վարչակազմը։ Այս համատեքստում լուրջ մտահոգություններ է հայտնել նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, որն արձանագրել է, որ սեռական բնույթի հանցագործություն կատարած անձինք, ինչպես նաև նույնասեռականներն ատելության խոսքի թիրախ են դառնում, ենթարկվում են խտրականության, բռնության և նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև այլ դատապարտյալներից ոչ կամավոր մեկուսացման։

Հիերարխիկ հարաբերությունների և դրանցով պայմանավորված խնդիրը բազմիցս բարձրաձայնել է նաև ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը։ Ավելին, վերջին տարիներին, անգամ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն ժխտում խնդրի առկայությունը, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ։ Դատապարտյալները չունեն ուղղվելու մոտիվացիա: Եթե վաղաժամկետ ազատման հանձնաժողովը տարբերություն չի դնում հանրօգուտ աշխատանք կատարած և ոչինչ չանող, քրեական ենթամշակույթի կրող դատապարտյալի միջև, ապա ինչո՞ւ պետք է դատապարտյալներն աշխատեն ու փորձեն ուղղվել:

Այսինքն, ստացվում է, որ իրավախախտ քաղաքացիներին ազատությունից զրկելով` մենք ոչ թե նպաստում ենք վերջիններիս ուղղմանը, այլ հակառակը` մղում ենք նրանց դեպի քրեական ենթամշակույթ և նրանք ինչ-որ տեղ ավելի են «մասնագիտանում» իրենց գործում:

ՀԿ-ն նշում է՝ աշխարհի լավագույն փորձը ցույց է տալիս, որ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դատապարտյալների ուղղման գործընթացները հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բավարար քանակությամբ և մասնագիտական բարձր որակներով օժտված վարչակազմ, որը կունենա բարձր աշխատավարձ և այլ սոցիալական երաշխիքներ: Այդպես հնարավոր կլինի կանխել դատապարտյալների միջև բռնությունը և կարգ ու կանոն հաստատել բանտում՝ առանց արտոնյալ դատապարտյալների օգնության: Բազմիցս բարձրաձայնվել է Հայաստանի ՔԿՀ-ներում մարդկային և այլ ռեսուրսների բացակայության խնդիրը, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակի:

Հաջորդ կարևոր գործոնը, որը կիրառվում է աշխարհի մի շարք զարգացած երկներում դատապարտյալներին վերասոցիալականացնելու և քրեական ենթամշակույթից դուրս բերելու համար, նրանց մոտիվացնելն է: Ուղղվելը նրանց համար ավելի շահավետ պետք է լինի, քան քրեական ենթամշակույթի մաս դառնալը, մինչդեռ մեզ մոտ հակառակն է. եթե դու խմբավորման անդամ ես, ապա ունես ավելի լավ կահավորված խուց և ավելի շատ արտոնություններ, իսկ նման դեպքում ո՞վ կցանկանա աշխատել կամ ուղղվել: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր դատապարտյալի համար նախատեսված վերասոցիալականացման անհատական պլան, որը հաջողությամբ ավարտելու դեպքում դատապարտյալը հնարավորություն կունենա փոխել իր ազատազրկման ռեժիմը կամ վաղաժամկետ ազատվել:

Ավելին, կարելի է սահմանել պայմանական վաղաժամկետ ազատման հստակ չափանիշ՝ եթե դատապարտյալը հայտարարում է, որ նա քրեական ենթամշակույթի կրող է, նա չի կարող ներկայացվել վաղաժամկետ ազատման։ Այս դեպքում այն դատապարտյալները, որոնք դառնում ենթամշակույթի կրող, թեև մեծամասամբ չեն կիսում այդ գաղափարախոսությունը, գուցե և ձեռնպահ մնան այդ քայլից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---