Ալբանիայի նախագահը կոչ է անում անկախություն շնորհել Կոսովոյին

PanARMENIAN.Net - Շփման խմբի «եռյակի» հնարավոր որոշումը` Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունները դեկտեմբերի 10-ից հետո շարունակելու մասին, երբ սպառվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին միջազգային միջնորդների զեկույցը հանձնելու 120-օրյա ժամկետը, կարող է դժգոհության ալիք բարձրացնել եւ անկարգությունների պատճառ դառնալ մարզի ալբանական բնակչության շրջանում: Այդ մասին հայտարարել է Ալբանիայի նախագահ Բամիր Տոպին:



«Կոսովոն արժանի է անկախ պետություն դառնալ, իսկ ներկայիս ստատուս-կվոյի պահպանումը ոչ միայն չի նպաստի մարզի կայունացմանը, այլ նաեւ լրջորեն կարգելափակի իրադրության նորմալացման գործընթացները»,-ասել է Ալբանիայի նախագահը Տիրանայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` Կոսովոյի ժամանակավոր վարչապետ Աղիմ Չեկուի հետ հանդիպումից հետո:



Իր հերթին, Ալբանիայի կառավարության ղեկավար Սալի Բերիշը կոչ արեց Կոսովոյի ալբանցիներին զիջումների չգնալ սերբական ծայրահեղականությանը: Նա խորհուրդ տվեց Կոսովոյի ալբանացի բնակչությանը համախմբվել իր ղեկավարության շուրջ հանուն այն բարձր գաղափարների, որ նա պաշտպանում է: «Տիրանան կոչ է անում Կոսովոյի առաջնորդներին քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ անկախության հասնելու համար»,-ասել է Բերիշը:



Աղիմ Չեկուն շնորհակալություն է հայտնել Ալբանիայի ղեկավարներին Կոսովոյի կարգավորման հարցով ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագրին լիովին սատարելու համար, որով նախատեսվում է մարզի վերահսկվող անկախություն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Հիշեցնենք, որ Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցություններն ընթանում են արդեն 15 ամիս: Ընթացիկ տարվա փետրվարին Կոսովոյի կարգավորման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին մի ծրագիր մշակեց, ըստ որի մարզին անկախություն է տրվում միջազգային վերահսկողության ներքո: Ախտիսաարիի ծրագրի հիման վրա ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանաձեւի նախագիծ մշակեցին, որն էլ ներկայացվեց ՄԱԿ-ի ԱԽ-ին: Սակայն Ռուսաստանն արգելափակեց այդ նախագիծը, հայտարարելով, որ այն անընդունելի է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---