ԱԳ փոխնախարար. Առանց Արցախի մասնակցության որևէ քայլ չի կարող արվել

ԱԳ փոխնախարար. Առանց Արցախի մասնակցության որևէ քայլ չի կարող արվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գործողություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացն Ադրբեջանի համար ընդամենն իմիտացիա է»,- հավելել է նա հայտնում է Panorama-ն:

Քոչարյանի խոսքով, երբ մի կողմը որևէ փոխզիջման ոչ միայն պատրաստ չէ, այլ ավելին՝ Ղարաբաղի հարցը մի կողմ թողած, բացահայտ հայտարարում է իր հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ ասելով, որ դրանք պատմական ադրբեջանական հողեր են, ծիծաղելի է:

«Այս իրավիճակը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը գոյություն ունի եռանախագահների առաքելություններից մեկն իրականացնելու համար: Այդ առաքելություններից մեկն այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը ևս կասկածի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները», - նշել է փոխնախարարը:

Խոսելով ԼՂՀ-ի բանակցությունների սեղանին վերադառնալու մասին` Շավարշ Քոչարյանն ասել է. «Եկեք ճիշտ հասկանանք, մի կողմից այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամեն ձևի խոչընդոտում է Ղարաբաղի մասնակցությանը, դա այն լակմուսային թուղթն է, որը ցույց է տալիս, որ ինքը երբեք այդ ամբողջ ընթացքում հակված չի եղել հարցի բանակցային կարգավորմանը: Մյուս կողմից՝ խնդիրը ֆորմալ մասնակցությունը չէ, այլ խնդիրն այն է, որ հակամարտող կողմերից մեկը չի տեսնում բանակցային գործընթացով հարցի կարգավորում: Սա է էությունը: Իհարկե, կարևոր է Արցախի մասնակցությունը: Եթե հանկարծ վերջապես Բաքվում խելքները գլուխները հավաքեն, առանց Ղարաբաղի մասնակցության որևէ քայլ չի կարող կատարվել», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանն ամեն ինչի, ցանկացած արկածախնդրության պատրաստ է: «Կարծում եմ, որ եթե Ադրբեջանի կողմից մի նոր փորձ կատարվի, այս անգամ արդյունքներն իր համար շատ ավելի ծանր կլինեն»,- ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Փետրվարի 15-ին Երևանում մենարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում հայաստանյան և օտարերկրյա փորձագետները կանդրադառնան Արցախյան պատերազմին, կներկայացնեն 1992թ. ձմռանը Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ:

Միջոցառմանը մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը:

 Ուշագրավ
---