ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանը հիստերիկ և ոչ ադեկվատ քայլեր է անում

ԱԺ փոխխոսնակ. Ադրբեջանը հիստերիկ և ոչ ադեկվատ քայլեր է անում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր նետում ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մասին փետրվարի 23-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Թե Լապշինի մութ գործարքը, թե Արցախի սահմանադրական հանրաքվեին հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը, թե «սև ցուցակի» ընդլայնումը, թե Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը դասական աբսուրդի ժանրից են»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Շարմազանովի խոսքերով՝ դրանք զավեշտալի, ծիծաղելի և ոչ տրամաբանական քայլեր են. «Բայց մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, զարմանալի ոչ մի բան չկա: Ես չեմ զարմանա, որ մյուս օրը ոչ միայն Մեհրիբան Ալիևան կլինի այդ երկրի փոխնախագահ, այլ Ալիևի որդին դառնա երկրի վարչապետ, մյուս աղջիկը լինի պառլամենտի նախագահ և չայխանայի շուրջ ազգային անվտանգության նիստ վարեն: Այսինքն, այդ երկրի որևէ քայլից պետք չէ զարմանալ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Ըստ Ադրբեջանի սահմանադրության, առաջին փոխնախագահը ստանձնում է նախագահի լիազորությունները, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները:

 Ուշագրավ
---