Փաշինյան. «Հաց բերողի» վիճակն ավելի է վատացել

Փաշինյան. «Հաց բերողի» վիճակն ավելի է վատացել

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։ Այս մասին ֆեյսբության իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Սարգսյանը արդեն 22 օր է, ինչ հացադուլի մեջ է:

«ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։ Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին», - գրել է Փաշինյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկը, մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

ՄԻՊ աշխատակազմը նույնպես տեղեկացնում է, որ Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։

Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան:

Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---