Նախարար. Եթե «Իսկանդերների» մասին հայտարարությունը վախեցրել է ոմանց, ուրեմն ճիշտ պահին էր

Նախարար. Եթե «Իսկանդերների» մասին հայտարարությունը վախեցրել է ոմանց, ուրեմն ճիշտ պահին էր

PanARMENIAN.Net - Եթե որևէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Իսկանդերների» կիրառման վերաբերյալ որոշում Հայաստանը կկայացնի ելնելով իրավիճակի զարգացումից:

«Մենք ամբողջությամբ տնօրինելով այդ զենքն ու դրա կիրառման բոլոր իրավունքները` միշտ պահում ենք մեր զինանոցում այդ հնարավորությունը: Եթե իմ հայտարարությունը որևէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձևով է արվել, որովհետև նպատակը հենց դա էր` սառեցնել այն տաք գլուխները, որոնք կարող էին մոռանալ այդ հեռանկարի մասին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով, սակայն, հայկական կողմի ձգտումն է, որ էսկալացիան հակամարտության գոտում չհասնի այդ աստիճանի:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ըստ որի, Ադրբեջանի կողմից իրավիճակը պատերազմականին հասցնելու դեպքում հայկական կողմը կկիրառի իր ողջ զինանոցը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է` «զինված ուժերում գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը չեն մեկնաբանում, այլ ընդունում են ի կատարում»:

«Ցանկացած զենքի կիրառում որոշվում է՝ ելնելով մարտական և ռազմավարական հաշվարկներից և այն իրադրությունից, որը կա առաջնագծում: Նման քայլը կատարվում է՝ հաշվի առնելով համաչափության խնդիրներն ու հնարավոր սպառնալիքներն իրավիճակի զարգացման պարագայում», - նշել է նախարարը:

Սարգսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն առանցքային խնդիր է, որովհետև չկա սահման, չկա այն տարանջատող գիծը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը տարանջատում է ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունից:

Նա նշել է նաև, որ նման հայտարարություններ հայկական կողմից արվում են հատկապես այս օրերին, որովհետև կա զինադադարի ռեժիմի հետևողական խախտում ու հռետորաբանության կտրուկ փոփոխություն. «Նաև բանակցային գործընթացում կառուցողականության այն թույլ նշույլները նվազում են: Իհարկե, դա որոշակի առումով լարում է իրավիճակը», - ասել է պաշտպանության նախարարը:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Ընթերցեք նաև.Նախագահ. Եթե Ադրբեջանն իրավիճակը հասցնի պատերազմի, կկիրառենք մեր ամբողջ զինանոցը

 Ուշագրավ
---