Ամիրյան. Մշակույթի նախարարի պաշտոնն ինձ վստահել է ՀՀԿ-ն, ուստի անդամակցել եմ այդ կուսակցությանը

Ամիրյան. Մշակույթի նախարարի պաշտոնն ինձ վստահել է ՀՀԿ-ն, ուստի անդամակցել եմ այդ կուսակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում հիմնավորել է, թե ինչու է անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

«Ես որոշեցի, որ անպայման պետք է կուսակցական պատասխանատվություն կրեմ, իսկ քանի որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնն ինձ վստահել է Հանրապետական կուսակցությունը և ես աշխատում եմ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում, ես ընտրեցի ՀՀԿ-ն»,-ասել է Ամիրյանը:

Նա հավելել է, որ նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս քաղաքական պատասխանատվություն կրել: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ամիրյանն ասել է, որ շատ բան կախված է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

«Ընտրություններից հետո ես կցանկանայի շարունակել աշխատանքս մշակույթի նախարարի պաշտոնում: Եթե կուսակցությունն ինձ վստահի՝ կշարունակեմ աշխատել և ավարտին կհասցնեմ բոլոր սկսած ծրագրերս, քանի որ չեմ սիրում գործերն անավարտ թողնել»,-ասել է Ամիրյանը:

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ամբողջական հարցազրույցը մշակույթի ոլորտում ակնկալվող նորամուծությունների մասին, որոնք, ըստ նախարարի, պետք է անդրադառնան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա, առաջիկա օրերին հասանելի կլինի PanARMENIAN.Net ում:

Ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ Արմեն Ամիրյանը չանդամակցեց ՀՀԿ-ին, նույնիսկ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության 2016-ի նոյեմբերի 24-ի նիստում հայտնեց, որ դիմում է ներկայացրել իշխող կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում Ամիրյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ է անդամակցում որևէ կուսակցության և որոշում կայացնելու համար նա դեռ ժամանակ ունի մինչև 2017-ի ապրիլը:

2017-ի հունվարի վերջին Ամիրյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
---