Քննարկում դատախազությունում. Այլ անձի փոխարեն քվեարկություն, ընտրակաշառք, տեսախցիկներ![]() 10 մարտի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային քննարկում: Մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման և մի շարք այլ հարցերում իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությանն ու նպատակներին, և այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը, մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարևորել է ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը: Արթուր Դավթյանը կարևորել է նաև Քրեական օրենսգրքով ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչև իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառնալը տեղեկացնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայտմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից: Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարևոր է, որ ընտրական հանձնաժողովներում դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն առերևույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն: Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն և հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականացվելիք գործողությունների հաջորդականությանը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրել է ընտրական բնույթի յուրաքանչյուր հանցագործության դեպքի հետևողական, բազմակողմանի, լրիվ օպերատիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի պատասխանատվությունն ապահովելու, այդ գործընթացների առավելագույնս թափանցիկ և հասարակության համար նկատելի դարձնելու անհրաժեշտությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, տեխնիկական սարքավորումներ սպասարկող մասնագետների ընտրության, այդ անձանց համապատասխան ուսուցման ապահովման իրազեկման ուղղությամբ կատարված այլ աշխատանքները: ԿԸՀ նախագահը անդրադարձել է նաև ընտրական հանձնաժողովների և իրավապահ կառույցների համագործակցությանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան ողջունել է ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հատկապես կարևորելով ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու ընտրողների ցուցակների հրապարակումը: Խալուպովան անդրադարձել է նաև ընտրություններին դիտորդական խմբերի ներգրավվածությանը, մատնանշել արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների դրսևորած կամքը՝ կարևորելով այդ գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Քննարկման ընթացքում ՀՀ ՄԻՊ գրասենյակի, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները՝ նախընտրական գործընթացներում առերևույթ ընտրախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերի, դրանց ստուգման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքային կարգով քննարկվել են իրավապահ կառույցների փոխգործակցությանն առնչվող խնդիրներ: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |