Դանիայի վարչապետն առաջարկել է հետաձգել Յըլդըրըմի այցն այդ երկիր![]() 13 մարտի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Դանիայի վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենն առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա Թուրքիայի և Նիդերլանդների միջև տարաձայնությունների պատճառով: Յըլդըրըմի այցը պետք է տեղի ունենար մարտին: «Նորմալ հանգամանքներում հաճելի կլիներ ընդունել Թուրքիայի վարչապետին, որի հետ ես բաց ու կառուցողական հանդիպում եմ ունեցել Անկարայում 2016-ի դեկտեմբերի 10-ին: Սակայն Հոլանդիայի դեմ Թուրքիայի վերջին հայտարարություններից հետո հանդիպման հարցը չի կարող քննարկվել առանց դա հաշվի առնելու: Ուստի ես առաջարկել եմ իմ թուրք պաշտոնակցին հետաձգել հանդիպումը»,-ասել է Ռասմուսենը: Նա նաև նշել է, որ վերջին զարգացումները Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ ճնշումների առումով մտահոգում են Դանիային: Սակայն, ինչպես կարծում են Կոպենհագենում, այդ փաստն ինքնին խոչընդոտ չէ հանդիպման համար, քանի որ դա կարող էր առիթ տալ անմիջական հայտնելու մտահոգությունները: Սակայն, հաշվի առնելով արևմտյան ժողովրդավարության մասին Թուրքիայի հայտարարություններն ու Հոլանդիայի դեմ գործողությունները «հանդիպումը Դանիայում կարող է ընկալվել այնպես, որ Դանիան ավելի մեղմ մոտեցում ունի այդ ամենին, ինչն այդպես չէ», -ասել է Դանիայի վարչապետը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդների ղեկավարությանն անվանել է նացիստների և ֆաշիստների հետնորդներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նույն որակումն էր տվել Գերմանիայի իշխանություններին: Թուրքիայի և Նիդերլանդների միջև առճակատման պատճառ են դարձել հոլանդական իշխանությունների գործողությունները, որոնք ընդդիմացան Թուրքիայի ԱԳ նախարարի այցին երկիր: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում կայանալիք տեղաբնակ թուրքերի հանրահավաքին և քարոզել հօգուտ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել: Իսկ Թուրքիայի ընտանեկան գործերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայեն Քայան փորձել է ցամաքով մուտք գործել Նիդերլանդներ հանրահավաքին մասնակցելու նպատակով, սակայն հոլանդական ՆԳՆ-ն փակել է ճանապարհը, իսկ նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրացի» և արտաքսել են երկրից: Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |