ՏՄՊՊՀ. Հայ արտադրողները հավասար պայմաններով մրցակցում են ԵՏՄ-ում![]() 21 մարտի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողները հավասար պայմաններով մրցակցում են ԵԱՏՄ անդամ երկրներում և ուրախալի է, որ մեր արտադրանքը կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի, հյութերի, դեղագործության և տասնյակ այլ ոլորտներում մրցունակ ու պահանջարկված է նաև արտերկրում: Այս մասին ասել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի հանրապետություն: Քիշնևում Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Մինչ մասնակից երկրների տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրներին անդրադառնալը, ներկայացվել են նախորդ ամիսների կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվել են առաջիկա ծրագրերը: «Մեր նպատակն այն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով և անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և գոհունակությամբ եմ նշում, որ մեր հետևողական աշխատանքի և համագործակցության արդյունքում այսօր արդեն մեր սեղանին է կանոնագիրքը, որն այսուհետ մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունը կդնի առավել բարեկիրթ և ինչը շատ կարևոր է՝ իրավական հիմքի վրա: ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առևտրային ցանցերի և հայ արտադրողների միջև սկիզբ դրված և այսօր արդեն հաջողությամբ զարգացող և ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարևորվում է»: ՏՄՊՊՀ նախագահը մասնակից երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաև պարտադիր լիցենզավորման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերի պաշտպանությանը: «Մեզ բողոքով դիմել են նաև ոչ տեղական հեռուստաալիքների վերահեռարձակմամբ, ինչպես նաև շահումով խաղեր կազմակերպող մի քանի ընկերություններ՝ տեղեկացնելով, որ օրենքի դաշտում աշխատելու համար իրենք պարտադիր կերպով լիցենզավորվում են, բավականին մեծ չափերի հասնող պետտուրք են վճարում, սակայն վերջերս հայտնվել են մրցակիցներ, որոնք, շրջանցելով օրենքը, ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով կարողանում են օնլայն մատուցել նույն ծառայությունները: Ստացվում է, որ վերջիններս աշխատելով հարկային դաշտից դուրս, մրցակցային առավելություն են ստանում իրենց գործընկերների հանդեպ»,-ասել է նա: Շաբոյանը տեղեկացրել է, որ ներկայումս ՀՀ մրցակցային մարմինն ակտիվորեն գործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների հետ՝ հնարավոր լուծման տարբերակներ գտնելու և նման անբարեխիղճ ճանապարհով գործող տնտեսվարողների կողմից ստեղծված կայքերը արգելափակելու ուղղությամբ: Ըստ Շաբոյանի, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները պետք է համատեղ ջանքերով հասնեն նման խնդիրների լուծմանը, քանի որ անընդհատ զարգացող ինտերնետ տեխնոլոգիաների պարագայում բարձրացված խնդիրները արդիական են բոլոր երկրներում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաղորդմամբ, ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների նիստում կարևորվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդիրը: Բոլոր երկրների կողմից միաձայն ընդունվել է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |