ՀՀ նախագահ. էմիրությունների գործարարներին առաջարկում ենք անընդհատ ընդլայնվող շուկա

ՀՀ նախագահ. էմիրությունների գործարարներին առաջարկում ենք անընդհատ ընդլայնվող շուկա

PanARMENIAN.Net - Հայաստանը չի վախեցնում առկա սահմանափակումներից և փորձում է դրանք վերածել մրցակցային առավելությունների: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Աբու Դաբիում կայացած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովում:

Համաժողովը կազմակերպվել է նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Համաժողովում ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրի ողջույնի խոսքից հետո, հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Անդրադառնալով հայ և արաբ ժողովրդների դարավոր բարեկամությանը, նշելով, որ Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, ինչը հայ ժողովրդին երկու աշխարհների համար էլ դարձրել է ընկալելի՝ նախագահը նշել է, որ չնայած պատմության ընթացքում հայերին բաժին հասած բազում դժվարություններին՝ նրանք սփռվել են աշխարհով մեկ և դարձել նաև հաջողակ գործարարներ:

«Այսօր էլ մեզ չեն վախեցնում առկա սահմանափակումները, մենք փորձում ենք դրանք վերածել մրցակցային առավելությունների: Չունենալով էներգակիրներ՝ մենք զարգացնում ենք մարդկային ռեսուրսը, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստեղծում ենք ինտեգրացիոն կամուրջներ, չունենալով ելք դեպի ծով՝ մենք բացվում ենք աշխարհին մեր աշխարհասփյուռ հայ համայնքների միջոցով, հաղորդակցվում ենք՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից»,-ասել է նա։

Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկրի՝ զբաղեցնելով իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: «Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր։ Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով՝ 9-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ցուցանիշին՝ այս տարի գրանցվել է աննախադեպ առաջընթաց. մեր երկիրը ներկայումս 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 21 կետով բարելավելով իր դիրքը»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են նախագահի անմիջական ուշադրության ներքո: «Մենք կողջունենք և կաջակցենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Միացյալ Էմիրությունների ներդրողներին: Համագործակցության մեծ հնարավորություններ կան գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում»,-ասել է նա։

Նշվել է, որ Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի նաև ԱՄԷ-ում։ Սարգսյանը ասել է, որ վերոհիշյալ ոլորտներում համագործակցության արդյունավետ հարթակ կարող են դառնալ Հայաստանի ազատ տնտեսական գոտիները՝ բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ուղղվածություն ունեցող «Ալյանսը» և ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների համար նախատեսված «Մերիդիանը», որոնց գործունեությունը գրեթե ամբողջությամբ ազատված է հարկերից և մաքսատուրքերից։

«Նախատեսված է ստեղծել ևս մեկ՝ ավելի լայն ընդգրկմամբ ազատ տնտեսական գոտի, որը արդյունավետ հարթակ կդառնա ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ դուրս գալու համար։ Հայաստանն էմիրաթյան գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող շուկա, քանզի Եվրասիական ինտեգրացիան ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը:

Բացի այդ, վերջերս ավարտվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է նաև Եվրոպական միության հետ տնտեսական կապերի նոր մակարդակ, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ: Հայաստանը մինչ այդ արդեն իսկ օգտվում էր Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված շուրջ 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։

Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջև առևտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, և պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը»,-ասել է նա: :

Նախագահը ուրախությամբ նշել է, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերընթաց աճում է. միայն 2016-ին այն ավելացել է 44 տոկոսով։ Նա հիշեցրել է, որ մարտի 22-ից ուժի մեջ է մտել Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը։

Սարգսյանը նշել է,որ վերջին տարիներին Հայաստան են ժամանել շուրջ 20 հազար հայեր, որոնք որքան հայկական, նույնքան էլ արաբական ինքնության ու մշակույթի կրողներ են։ Նա հավելել է, որ թե՛ արաբախոս, թե՛ հայախոս և թե՛ նշանակալի գործարար ավանդույթներ ունեցող նման ստվար համայնքի ներկայությունը Հայաստանում կարող է ուղղակիորեն և զգալիորեն դյուրացնել էմիրաթցի ներդրողների գործունեությունը Հայաստանում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---