ԵԺԿ-ն աջակցում է Հանրապետական կուսակցությանը

ԵԺԿ-ն աջակցում է Հանրապետական կուսակցությանը

PanARMENIAN.Net - Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը տեսաուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին:

Տեսաուղերձում մասնավորապես ասվում է. «Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր»:

Նշվում է, որ ընտրությունները Հայաստանի ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում, էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան:

«Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամեն բան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար: Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի և ձեր քաղաքացիների: Կասկած չկա, որ ազատ և արդար ընտրությունները նախապայման են Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչին վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նոր թափ կհաղորդի:Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները»,-ասել է Դոլը:

Ուղերձում նշվում է, որ կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: «Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը և երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը. Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն: Դրանք նաև միջոց են, որն օգտագործելով՝Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների և արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ և նոր աշխատատեղեր»,-ասվում է տեսաուղերձում:

Նշվում է, որ գործընթացը, որի մասին խոսվում է, հաջողությամբ պսակելու համար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն և ներգրավվածություն:

Դոլը հիշեցրել է, որ մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Նա նշել է, որ որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ՀՀԿ վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին այդ կուսակցությանն են համարելու պատասխանատու, եթե այն ընդունակ չլինի արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները:

«Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը և ակտիվ աշխատանքը ԵԺԿ-ի շրջանակներում, վատահություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք»,-ասել է Դոլը:

Տեսաուղերձում անդրադարձ կա նաև վերջին տարիները Եվրոպայում պոպուլիստական և ծայրահեղական կուսակցությունների առաջխաղացմանը:

«Բարեբախտաբար, պոպուլիստները չկարողացան ցանկալի արդյունքի հասնել Նիդեռլանդներում, բայց մեզ դեռ սպասում են բազմաթիվ կարևոր ընտրական գործընթացներ, այդ թվում նաև՝ իմ երկրում, և ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետկներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի և Եվրոպայի համար:

Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց և արձագանքել նրանց մտավախություններին և սպասելիքներին»,-ասվում է տեսաուղերձում:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
---