Քավանո. ԼՂ հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին![]() 23 մարտի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն: 2001թ. Քավանոն եղել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Քի Վեսթի բանակցությունների ակտիվ մասնակից: «Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին և Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա», ասել է Քավանոն, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ: «Նախագահ Թրամփը և պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է,-ասել է նա»: Նախկին դիվանագետը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ: «Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»,-ասել է նա: Քերի Քավանոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլև՝ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ և Վաշինգտոնը, և Մոսկվան և Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։ «Սա անշուշտ սառեցված հակամարտություն չէ, այլ դանդաղ շիկացող մի հակամարտություն, որը լուրջ ուշադրություն է պահանջում»,-ասել է նա: Նախկին միջնորդի խոսքով, իրեն անհանգստացնում է երեք հանգամանք: Եթե մեկ տասնամյակ առաջ կողմերի միջև համակարգված և մշտական բանակցություններ էին ընթանում, ապա այժմ խաղաղ բանակցությունները դադարեցվել են: Մեկ տասնամյակ առաջ սահմանային հիմնական խնդիրը դիպուկահարների կրակոցներն էին, իսկ այսօր գործի են դրվում հրետանին, դրոններն ու տանկերը: Վերջապես, միջնորդների առաջարկները շփման գծում հատուկ սարքավորումներ տեղադրելու վերաբերյալ չեն իրականացվում: «Հանկարծակի, մենք լսում ենք Ադրբեջանից, որ այն չի ցանկանում դա կյանքի կոչել, այնպես որ փոխվստահության այդ միջոցները հնարավոր չէ կյանքի կոչել»,-ասել է նա: Քավանոյի խոսքով, սարքավորումների տեղադրումը միջնորդներին հնարավորություն կտար հրադադարը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Միևնույն ժամանակ, Քերի Քավանոն հիշեցնում է, որ թեև միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա, խաղաղության հասնելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա: «Միջնորդները չեն կարող խաղաղություն ցանկանալ ավելի շատ, քան իրենք՝ կողմերը, և հենց կողմերն իրենք պետք է հասնեն խնդրի կարգավորմանը»,-ասել է նա: 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: 2016-ի մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |