20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը, ոչ միայն հայ ժողովուրդն է, այլեւ ողջ մարդկությունը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերով կոմիտեում փորձ արվեց վիճարկել ԱՄՆ-ի խորհրդարանի իրավունքը` գնահատականներ տալու անցյալում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք տարօրինակ կերպով կոչվում էին «պատմական» եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացվում էր որպես հայ-թուրքական հարաբերությունների հարց: Նախ` այն իրադարձությունները, որոնց հետեւանքները ոչ միայն զգալի են, այլեւ վճռորոշ են երկու ժողովրդների եւ պետությունների այսօրվա հարաբերությունների համար, չեն կարող լինել պատմական»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը: Նրա խոսքերով, երկրորդ, ցեղասպանությունն, ըստ միջազգային իրավունքի, միջազգային ամբողջ հանրության դեմ կատարված ոճիր է, ըստ այդմ, նրա դատապարտումը այսինքն համընդանուր պարտավորություն է, քանի որ ցեղասպանություն կոչվող միջազգային ոճրի զոհը, տվյալ դեպքում 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը, ոչ միայն հայ ժողովուրդն է, այլեւ ողջ մարդկությունը, այդ թվում նաեւ ամերիկյան ժողովուրդը: «Հետեւաբար, ԱՄՆ-ի Կոնգրեսի սահմանադրական իրավասությունն է, ինչպես նաեւ պարտականությունը, գնահատականներ տալու միջազգային իրավունքի խախտումներին եւ մեղավորին պատժելու համար նախաձեռնելու քայլեր: Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության առաջին հողվածի 8-րդ մասի 10-րդ կետի, ԱՄՆ-ի Կոնգրեսը իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները եւ պատժել խախտողներին: Անհրաժեշտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հիշի սա իր առաջիկա քննարկումների ժամանակ: Ինչ վերաբերում է քննարկումների ժամանակ հատուցումների վերաբերյալ արտահայտված մտավախությունը, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով չէ, որ հայ ժողովուրդը պիտի հասնի դրանց: Հայաստանի Հանրապետության իրավունքները խարսխված են շատ ավելի զորեղ եւ կատարման համար պարտադիր միջազգային փաստաթղթերի վրա, որոնք անբեկանելի են, եւ որոնց տակ, ի շարս այլ երկների, դրված են նաեւ ԱՄՆ-ի պետական մեծ կնիքը, ինչպես նաեւ Թուրքիայի օրվա օրինական իշխանության ստորագրությունները: Պարզապես, Հայոց ցեղասպանության ճանաչումները բացահայտում են օյսօր առկա իրողությունների արմատները եւ խարխլում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: «Հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության պտուղները»,- ընդգծել է Արա Պապյանը:
 Ուշագրավ
---