The Huffington Post. Թուրքիայում հիանալի գիտեն, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915-ին![]() 31 մարտի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - The Huffington Post հեղինակավոր ամերիկյան պարբերականը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին նվիրված իր հոդվածում գրել է, թե ինչպես են ամբողջ աշխարհում անցնում առճակատման գծերը պատմական ճշմարտությունն ընդունողների և այն հերքողների միջև։ «1915-1923 թվականներին, քողարկվելով Առաջին համաշխարհային պատերազմով, թուրքական կառավարությունն իր տարածքում բնակվող 3 միլիոն անմեղ քրիստոնյա է սպանել, այդ թվում` 1.5 միլիոն հայերի։ Քրիստոնյաները բազմազգ Օսմանյան կայսրության առավել կրթված և առաջադեմ մասն էին կազմում, և այսօրվա հարուստ թուրքերից շատերն իրենց կարողությունը կուտակել են` բռնազավթելով հույների, հայերի և ասորիների գույքը և փողերը»,– ասվում է նյութում, գրում է «Նովոստի Արմենիան»։ Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ հետագա հարյուր տարիների ընթացքում թուրքական կառավարությունն ամեն կերպ հերքել է ցանկացած հանցագործություն և պնդել է, որ պարզապես «կասեցրել է» իբր դավաճան հայերի գործողությունները։ «Փոխհատուցում վճարելու վախից կամ էթնիկ անտեղի հպարտությունից և ազգայնականությունից ելնելով` Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել քարոզչության վրա` «ցեղասպանություն» եզրից խուսափելու համար, թեև 1943-ին այդ տերմինը հնարած մարդը` լեհաստանաբնակ հրեա Ռաֆայել Լեմկինը, արել է դա` նկատի ունենալով հենց հայերին, ինչպես նա ասել է 1952-ին»,– ասվում է հոդվածում։ Հեղինակները նշում են, որ 1840-ականներին ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպան Մունիր Էրթեղունը խոչընդոտել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» կինոտարբերակի ստեղծմանը։ Ավելի քան 70 տարի անց նկարահանվել է «Խոստումը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին ընդամենը 1500 մարդու ներկայությամբ։ «Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ինչ-որ մոգական ձևով հայտնվել է մոտ 85 հազար բացասական արձագանք։ Կարելի է միայն ենթադրել, որ դրանք կամ գրվել են թուրք կոալիցիայի կողմից, կամ, հնարավոր է` Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալների կողմից, ովքեր օր ու գիշեր նստել են համակարգչային տերմինալներում և օգտագործել կեղծ օգտանուններ»,-նշում են հոդվածի հեղինակները։ Հրապարակման մեջ նշվում է, որ այսօր Թուրքիայում մեծամասնությունը բացարձակ չի պատկերացնում, թե ինչ է ժողովրդավարությունը։ Նրանք հիանալի գիտեն, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915 թվականին, և նրանց համար դա նշանակություն չունի: «Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |