Ռուստամյան. Հայաստանը թևակոխում է մի նոր ժամանակաշրջան

Ռուստամյան. Հայաստանը թևակոխում է մի նոր ժամանակաշրջան

PanARMENIAN.Net - Հայաստանը թևակոխում է մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական: Այդպիսի հայտարարություն է արել ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ քվեարկելով 03/23 ընտրատեղամասում:

Նա հույս է հայտնել, որ սա չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է լինելու, հայտնում է «Sputnik Արմենիան»։

«Մենք ուզում ենք, որ այդ չորրորդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Քվեարկել` վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական: Մեր հետագա քայլերն ինչպես կարող ենք կատարել և ինչ խորությամբ ու արագությամբ` կախված է այն խորհրդարանի որակից, որն այսօր կընտրվի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, Ռուստամյանն ասել է, որ իրենք այդ ամենը կստուգեն և հետո եզրակացություններ կանեն:

Խոսելով կիրառվող նոր տեխնոլոգիաների մասին` նա ուրախությամբ փաստել է, որ ժողովուրդը յուրացնում է նոր տեխնոլոգիաները, որ սա խնդիրներ չի առաջացրել, այլ շատ սահուն է ընթանում ամեն ինչ:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
---