ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բաց քվեարկության մասին ահազանգը

ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բաց քվեարկության մասին ահազանգը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է զինծառայողների բաց քվեարկության մասին ահազանգը: Նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ:

Ավելի վաղ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել էր իր արձանագրած ընտրախախտումների ցանկը, համաձայն որի 14/20 տեղամասում կողմից արձանագրվել է զինծառայողների բաց քվեարկության դեպք։

Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը: Դաշինքի ներկայացուցիչը շփոթել է զինգրքույկում առկա զենքի ամրակցման վերաբերյալ գրառումը տվյալ զորամասում զինծառայողի ծառայության ժամկետը հաստատող գրառման հետ:

Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը:

Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»:

ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ, ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում նախարարությունը խնդրում է զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության «թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
---