Եվրոպայի համար կարեւոր է Հյուսիսային Կիպրոսի հարցը, իսկ Հյուսիսային Կիպրոսի եւ Արեւմտյան Հայաստանի միջեւ որեւէ տարբերություն չկա

PanARMENIAN.Net - «Եվրոպահայերի առաջին համաժողովը կայացել է 1946 թվականին Նյու-Յորքում, երկրորդը` այս տարի Բրյուսելում: Եւ երկուսի ժամանակ էլ քննարկվել է հայ-թուրքական սահմանի դեմարկացիայի մասին Վուդրո Վիլսոնի իրավարարական որոշման հարցը: Ինչու՞ է տվյալ հարցն այդքան կարեւոր Հայաստանի համար: Մենք պետք է հստակ որոշենք` ինչ ենք ցանկանում, եւ այդ որոշումը մեզ կօգնի հասնել մեր նպատակներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Բելգիան Առաջին աշխարհամարտի այլ հաղթանակած երկրների հետ մեկ տեղ ստորագրել է 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը եւ նա իրավական պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ: «Բելգիայի Սահմանադրության համաձայն, Բելգիայի դատարանում կարելի է հայց ներկայացնել մարդկության դեմ հանցագործությունների դեմ: Փաստորեն, ինչպես ԱՄՆ Կոնգրեսը, այնպես էլ Բելգիայի դատարանը կարող է դիտարկել Հայոց ցեղասպանությունը իրավական տեսանկյունից, ընդ որում, դատարանը որոշման կայացման համար չի դիտարկում քաղաքական մոտիվները»,- նշել է Պապյանը: Արա Պապյանն ընդգծել է, որ այսօր հայերի գլխավոր խնդիրը այն մարդկանց շահագրգռումն է, ովքեր քաղաքական ուժ են ներկայացնում իրենց երկրներում: «Մենք պետք է միշտ դնենք մեր խնդիրները` անկախ այն բանից, այսօր կհասնենք արդյունքների, թե հետո: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Եվրոպայի համար այսօր շատ կարեւոր է Հյուսիսային Կիպրոսի հարցը: Իսկ Հյուսիսային Կիպրոսի եւ Արեւմտյան Հայաստանի միջեւ որեւէ տարբերություն չկա»,- ասել է հայ պատմաբանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---