Քաղաքապետը՝ Դավթաշենում ծառահատումների մասին. Օրինախախտները կպատժվեն

Քաղաքապետը՝ Դավթաշենում ծառահատումների մասին. Օրինախախտները կպատժվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ապրիլի 9-ին մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:

«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին», - ընդգծել է քաղաքապետը:

Նրա խոսքով, վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:

«Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու», - ասել է Մարգարյանը:

Ավելի վաղ, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավթաշենում 20-ից ավելի ծառերի հատման թեմային. նա նշել է, որ ունեցածը ապօրինություն է։

«Կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։ Ծառերը հատվել են գիշերը։ Կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն», - գրել է նա:

Photo` Աշոտ Գազայանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---