ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը՝ վարչապետին. Հարկային ու մաքսային ոլորտում փոփոխությունները դրական են12 ապրիլի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և տնտեսության զարգացման միտումներին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերի: Սամիեին նշել է, որ Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության վերաբերյալ ստացել են դրական ազդակներ և դրանցից մեկը վերաբերում է հարկային ու մաքսային ոլորտում կատարված փոփոխություններին՝ ստվերը կրճատելու, վարչարարությունը բարելավելու ուղղությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքարելու գործում անհրաժեշտ է շարունակել ջանքերը հարկային ցանցն ընդլայնելու ուղղությամբ: «Կարևորում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցը և ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կառավարության կողմից իրականացվում են: Հանդիպել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ և հաճելի էր տեսնել, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում նաև գործարար միջավայրը բարելավելու, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Սամիեն: Կարապետյանը նշել է, որ հարկային ու մաքսային ոլորտում սկսվելու է բարեփոխումների երկրորդ փուլը և այդ հարցում կառավարությունը լինելու է հետևողական: «Բացի այն, որ ունենք սեփական եկամուտների քանակական աճ, այդ ուղղությամբ արձանագրել ենք նաև որակական փոփոխություն՝ ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից, ավելին, այն կառույցները, որոնք ունեին երկարատև կանխավճար, այսօր աստիճանաբար մաշեցնում ենք այն: ԱԱՀ-ի վերադաձի հետ կապված ևս ընդունվել են մի շարք որոշումներ, կրճատվել է վերադարձի ժամանակահատվածը և այլն: Հարկային դաշտն ընդլայնելը, ՊԵԿ համակարգում արդար սկզբունքների ներդրումը մեր նպատակն է: Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Նշելով, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ վարչապետն ավելացրել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ գործադիրը հետևողական է նաև 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին և դրանում նախանշված ցուցանիշների պահպանմանը: Անդրադառնալով կառավարության՝ հարկային եկամուտները և դրան համապատասխան կապիտալ ծախսերը 2017 թվականին 50 միլիարդ դրամով ավելացնելու քայլին, վարչապետն ընդգծել է, որ հասկանում են ՊԵԿ-ի առջև դրված ծանր նշաձողը և ավելացրել, որ այդ որոշումը հաշվարկված է: «Մենք շատ լավ գնահատում ենք այսօրվա վիճակը և տրամադրված ենք բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում, քանի որ ունենք արդյունավետության դեֆիցիտ: Մոտ ժամանակներս մշակելու ենք Հայաստանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ ևս ցանկանում ենք նախանշել համարձակ հայտանիշեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Հոսեին Սամիեին ողջունել է ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և ընդգծել, որ ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն դրանց իրականացմանը: ԱՄՀ-ն ՀՀ համար 2017-ին 3% տնտեսական աճ ու 2% ինֆլյացիա է կանխատեսում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին |