Նալբանդյանը՝ Վարշավայում. «Հաջորդ քայլը ԵՄ հետ վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է»![]() 12 ապրիլի 2017 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: «Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասարակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ 3 տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում», - իր ելույթում մասնավորապես ասել է Նալբանդյանը: Նա հավելել է. «Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ներառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում: Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները: Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու: Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականացումը գործնական քայլ էր՝ միտված Արևելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի և առևտրի ծավալների աճի համար: Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը»: ՀՀ ԱԳ նախարարոի խոսքով, ենթակառուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։ Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |