Լրագրողների՝ դռնբաց դատերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք է գրանցվել![]() 2 մայիսի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք, որից 5-ը դատավորների որոշմամբ, 2-ը` երրորդ կողմի միջամտությամբ: Դատավորի որոշմամբ դատական նիստերի տեսանկարահանման/լուսանկարահանման ժամանակը սահմանափակելու 5 դեպքից 4-ի դեպքում դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել դատական նիստի ամբողջական տեսա/լուսանկարահանմանը: Դատարանի որոշմամբ լուսաբանման սահմանափման դեպքերից միայն մեկն է եղել դատավարության կողմերի առարկության պատճառով: Ավելին, նիստերից մեկի ժամանակ կողմերից մեկը միջնորդել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, որին դատավորը չի անդրադարձել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է սահմանափակել տեսա/լուսանկարահանումը՝ լրագրողներին տրամադրելով ընդամենը 10 րոպե ժամանակ (Եղիշե Խաչատրյանի գործը): Լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը հաջորդել էր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը, որով կոչ էր արվել դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստին ևս տեսա/լուսանկարահանման ժամանակային սահմանափակում էր դրել: Տեսա/լուսանկարահանումը ընդամենը 5-10 րոպե թույլատրելու որոշում են կայացրել նաև ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը (Ռուզաննա Եղնուկյանի գործը), Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը (Կարեն Վարդանյանի գործը) և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մելիքսեթյանը (Նարինե Դանիելյանի գործը): Լրագրողի աշխատանքի սահմանափակման երկու դեպք արձանագրվել է դատավարության կողմ չհանդիսացող անձանց կողմից: Մասնավորապես, փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործի քննության ընթացքում՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել է «Ասպարեզ» թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ֆոտոապարատը և փախել անհայտ ուղղությամբ։ Մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Երրորդ կողմի մասնակցությամբ լրագրողի աշխատանքի խոչընդոտման հաջորդ դեպքը գրանցվել է մարտի 6-ին: Այդ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված է եղել Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության առնչությամբ քրեական գործով արտագնա դատական նիստը: ժամանակ ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը դատավորի փոխարեն որոշել է արգելել լրագրողի մուտքն արտագնա դատական նիստին: ՔԿՀ պետը դատավորին է վերագրում՝ լրագրողին դատական նիստի սենյակ մուտք գործելու արգելքի որոշումը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նախքան արտագնա դատական նիստը տեղեկացված է եղել, որ լրագրողը եկել է ՔԿՀ՝ նիստը լուսաբանելու նպատակով: «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով: Հաշվի առնելով վերոգրյալը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում. Դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների տեսա/լուսանկարահանման չհիմնավորված արգելքի կամ ժամանակային սահմանափակման պրակտիկայից, առավել հանդուրժող գտնվել դատարանի դահլիճներում լրագրողների աշխատանքի նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը: Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը: Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին՝ հետևողականորեն լուսաբանել դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումների դեպքերը և բարձրաձայնել առկա խնդիրները դրսևորել համերաշխություն և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին: ՀԳ - «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ-ն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment For Democracy) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագրի շրջանակներում պատրաստել է ուղեցույց դատական նիստերը լուսաբանող լրագրողների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |