Մայիսյան weekend. «Գինու օրեր», Կոնյակի փառատոն, փարթիներ, համերգներ և կինոդիտումներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում գարունն է տիրում իր ողջ գեղեցկությամբ. ծառերը բողբոջել են, օդը բուրավետ է, իսկ տրամադրությունը՝ բարձր: Այս հանգստյան օրերին մայրաքաղաքում կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ըստ նախասիրությունների՝ համտեսել համեղ տեղական գինի, գնալ համերգների, այցելել կինոթատրոններ, մասնակցել մասսայական մարզումների և այլն: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Այս շաբաթվա, թերևս, ամենախոշոր իրադարձությունը ակումբային կյանքի և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար տեղի կունենա մայիսի 6-ին՝ El Chillout-ում կանցկացվի Kitchen Recordings Label Night երեկոն, որի ընթացքում որակյալ երաժշտություն կապահովեն Mike Joker-ը, InterVal-ը, Supacooks-ը, SAMI WENTZ-ը Ֆրանսիայից, Leö Anîram-ն ու Guevo-ն: Միջոցառումը կսկսվի ժամը 17:00-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ: Գինու օրեր Երևանում Երևանում մայիսի 5-6-ը կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը, որին կմասնակցի Հայաստանի և Արցախի ավելի քան 20 գինեգործական ընկերություն: Երկու օր շարունակ, 19:00 – 23:00-ը, Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում, հատուկ տաղավարներ կտեղադրվեն տեղի արտադրողների արտադրանքով և երևանյան ռեստորանների խոհարարների լավագույն ուտեստներով: Առաջին օրը տեղի կունենա սպիտակ և վարդագույն գինու համտես քաղաքի լավագույն ռեստորանների հատուկ ճաշատեսակով՝ Tapastan, Voskevaz Winery, Hanz&Franz, Salon Armenian, Santa Familia, In Vino, Beer&Wine և այլ: Երկրորդ օրը նվիրված կլինի կարմիր գինու համտեսին՝ նույնպես հատուկ ճաշատեսակով: Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։ Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր ու պարեր: Մուտքն ազատ է: Կոնյակի փառատոն Ծաղկաձորում «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը: Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն: Տաղավարները կբացվեն ժամը 12:00-ից: Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ Ռուսաստանից: Փառատոնի շրջանակներում՝ ժամը 20:00 – 22:30, տեղի կունենա նաև համերգ երգչուհի Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մասնակցությամբ: Երաժշտական քաղաք Մայիսի 5-ին Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի կունենա պետերբուրգյան BILLY's BAND ջազ խմբի բացօթյա համերգը Հյուսիսային պողոտայում: Համերգը կսկսվի ժամը 19:30-ին: Մայիսի 6-ին «Ուլիխանյան» ակումբում ելույթ կունենա Jazz Quartet-ը Կարեն Գրիգորյանի, Տիգրան Հարությունյանի, Դեյվ Գեոդակյանի և Արման Մնացականյանի մասնակցությամբ: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքը՝ 2000 դրամ: Մայիսի 6-ին Loft-ում ելույթ է ունենալու Step Band-ը: Երեկոն հագեցած է լինելու Jazz, Blues, Blues Rock, Soul, R&B, Funk ժանրերի կենդանի կատարումներով։ Սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքը՝ 1800 դրամ: DAS-ում մայիսի 6-ին կարելի է ներկա գտնվել RozenTal խմբի երկրորդ համերգին, որի ընթացքում կհնչի ռոքնռոլ: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքը՝ 1000 դրամ: Մայիսի 6-ին «Էնոտեկա» գինու բարում ելույթ կունենա «Արմեն Հյուսնունց Կվարտետը»: Կհնչեն օրիգինալ, խմբի հեղինակած մեղեդիներ և թեմաներ, նաև ջազային ստանդարտներ քառյակի մեկնաբանությամբ: Համերգի սկիզբը՝ ժամը 20:30-ից, մուտքը՝ 3000 դրամ: Մայիսի 7-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն իր նոր` An Ancient Observer ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում։ Տոմսերի արժեքը` 3000, 5000, 8000, 10000, 15000, 20000 դրամ։ Համերգի սկիզբը՝ ժամը 19:30-ին: Առողջ մարմնում՝ առողջ հոգի Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման: Երևանում կարելի է նաև մասնակցել յոգայի ու չիգունի (ցի-գուն) շնչառական-առողջարար մարզումների, որոնք տեղի կունենան մայիսի 6-ին և 7-ին ժամը 06:30 - 07:20՝ Հաղթանակի զբոսայգում, ժամը 07:30 - 09:00՝ Անգլիական այգում, ժամը 09:10 - 10:00՝ Հրազդանի կիրճում: Ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար մուտքն անվճար է: Լուսանկարչության սիրահարների համար Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կանցնի Վալերի Պլոտնիկովի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցնի Երևանի պատմության թանգարանում մայիսի 5-10-ը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 5-ին 14:00-ին: Նախատեսվում է նաև ստեղծագործական հանդիպում Վալերի Պլոտնիկովի հետ, որին անվանում են «անցնող դարաշրջանի» վկա: Ցուցադրությունում ներկայացված են լուսանկարչի 60 աշխատանք: Մայիսի 5-ին՝ ժամը 17։00-ին, ՀԲԸՄ-ի հանդիսությունների սրահում տեղի կունենա PAN Photo-ի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պատկերագրքի լուսանկարներն ուղեկցվում են արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով։ Մուտքն ազատ է: Կինոսերների համար Մայիսի 5-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կինոուրբաթ է, որն այս անգամ նվիրված է իրանական ժամանակակից կինոյին։ Ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնի հաղթող Persepolis փաստագրական անիմացիան։ Գրաֆիկական ինքնակենսագրականի հիման վրա նկարահանված անիմացիան պատմում է իրանացի երիտասարդ աղջկա՝ Մարժանի կյանքի մասին իսլամական հեղափոխության ժամանակ և դրանից հետո։ Ֆիլմը կցուցադրվի բնօրինակի լեզվով՝ անգլերեն ենթագրերով։ Ցուցադրության սկիզբը՝ ժամը 19:45-ին: Մայսիս 7-ին՝ ժամը 19:00-ին Blue Book Training & Coaching Center-ում կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մոլեգնություն» երաժշտական, հոգեբանական դրաման։ 2014 թվականի հունվար 16-ին այս ֆիլմի պրեմիերայով է բացվել Սենդենսի կինոփառատոնը, որտեղ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի։ Գլխավոր դերակատարներն են Մայլզ Թելերը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, որոնք իրենց դերասանական աշխատանքի համար բազում մրցանակների են արժանացել։ Ֆիլմի դիտումը նախատեսված է անգլերեն լեզվով, մասնակցելու համար նախապես գրանցվել այստեղ: Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ին Թիմ Թայմում կկայանա «100-ամյա վկայություն» ֆիլմի դիտումը, որից հետո տեղի կունենա քննարկում «Հայի ինքնությունը» թեմայով: Ֆիլմը պատմում է 102-ամյա մուսալեռցի Հովհաննես պապիկի ընտանիքի պատմությունը Հայոց Ցեղասպանությունը վերապրելուց հետո: Մուտքն ազատ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |