Եռատոնի առթիվ կաթողիկոսը կոնդակ է հրապարակել

Եռատոնի առթիվ կաթողիկոսը կոնդակ է հրապարակել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Սբ Էջմիածնում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առթիվ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով:

Շուշիի ազատագրության լուսավոր օրը մեր ժողովուրդն ապրեց լիառատ ուրախություն` ամրանալով հավատքի, հայրենյաց սիրո և անվարան կամքի մեջ` հաղթական ավարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատությունը, արդարությունը, խաղաղությունը նվիրական արժեքներ են քրիստոնեական կյանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում` հակառակ դարերով ապրած փորձությունների և մաքառումով գրված մեր պատմության: Արցախյան ազատամարտում նույնպես մեր ժողովուրդը հանձն առավ բազում զոհողություններ ու դիմակայեց բազում նեղությունների, հավատով, որ Աստված պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մեջ կազմավորվեց, ամրացավ ու զորացավ Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր երաշխավորն է Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ կյանքի:

Մայիսի 9-ի այս տոնական օրը հիշենք հայազգի, նաև Արցախի զավակ փառապանծ զորավարներին ու զինվորներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտում նպաստ բերեցին հաղթանակի կերտման և խաղաղության հաստատման գործին: Աղոթքով հիշենք Արցախի ազատագրություն և խաղաղ կյանքի համար զոհված մեր ժողովրդի քաջարի զավակներին, որոնց անունները պիտի ապրեն սերնդե սերունդ:

Այս հիշարժան օրը, սիրելիներ, Արցախի Պաշտպանության բանակին ենք շնորհում խաչվառ` պատկերով Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի: Նա շնորհաշատ ու քաջահոգի թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և շատ երիտասարդ հասակում առաջնորդության կոչվեց Արցախում ու հարակից շրջաններում և իր առաքելության մեջ նահատակվեց անհավատներից: Աշակերտները նրան հողին հանձնեցին Արցախում, և նրա գերեզմանին կառուցվեց Ամարասի վանքը, որը մեր ժողովրդի համար նվիրական սրբավայր է և ուխտատեղի»,- ասված է կոնդակում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Կարդացեք նաև՝«Հարսանիք լեռներում». Արցախը նշում է Շուշիի ազատագրման 25-ամյակը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---