Սվիտալսկի. Հուսով ենք, որ ԵԱՀԿ գրասենյակն օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում

Սվիտալսկի. Հուսով ենք, որ ԵԱՀԿ գրասենյակն օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում

PanARMENIAN.Net - ԵՄ-ն հուսով է, որ հայաստանյան ԵԱՀԿ գրասենյակը օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը:

Ադրբեջանը խոչընդոտել էր Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն էր առաջացնում Ադրբեջանում:

«ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը շատ վստահելի գործընկեր է մեզ համար. մենք համագործակցում էինք մի շարք օգտակար ծրագրերի շուրջ: Մեր տեսանկյունից, այստեղ շատ օգտակար աշխատանք էր տարվում: Հայաստանը ցուցաբերեց շատ լավ հյուրընկալություն այս առումով, որը կարող է ծառայել որպես օրինակ: Մենք շատ մեծ հույս ունենք, որ ծրագրերը և աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում», - նշել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նաև հավելել է, որ ցավում է այն մարդկանց համար, ովքեր ԵԱՀԿ գրասենյակի փակման դեպքում ստիպված կզրկվեն աշխատանքից, ինչը կլինի շատ մեծ կորուստ:

Սվիտալսկին հավելել է նաև, որ Եվրամիությունը Հայաստանի զարգացմանն ուղղված «Միասնական աջակցություն հարթակ» ստեղծելու նախագիծ է պատրաստում: «Արևելյան համագործակցության շրջանակներում մենք քննարկել ենք ՀՀ-ում «Միասնական աջակցություն հարթակ» ստեղծելու գաղափարի մասին, որը կընդգրկի 4 ոլորտ, որոնց վրա մենք հիմա ակտիվ աշխատանք ենք տանում», - ասել է դեսպանը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա).և Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ համաձայնություն ձեռք չի բերվել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատի երկարացման հարցում:

Հայաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---