ՄԻՊ-ն ուսումնասիրել է Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպը․ «Ոստիկանները պարտավոր են զսպվածություն ցուցաբերել»

ՄԻՊ-ն ուսումնասիրել է Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպը․ «Ոստիկանները պարտավոր են զսպվածություն ցուցաբերել»

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:

Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:

«Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում: Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ:

Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են», - ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով:

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների միջև կոնֆլիկտ է ծագել: Միջադեպը տեղի է ունեցել Ավանում՝ Տարոն Մարգարյանի գործող նախընտրական շտաբերից մեկում: Փոստանջյանը «Ազատություն» եթերում պնդել է, որ շտաբի սեղաններից մեկի դարակում ընտրակեղծարարությունը փաստող ցուցակներ կան ու պահանջել է բացել այն, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել են:

Տեղ ժամանած ոստիկանության ներկայությամբ կոնֆլիկտը շարունակվել է, Փոստանջյանն ու իր դուստրը նստել են նշված սեղանի վրա` պահանջելով բացել դարակներն իր ներկայությամբ, որպեսզի ակնհայտ դառնա դրանց պարունակությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հրաժարվել են լքել շտաբի տարածքը` հայտարարելով, որ չեն վստահում ոստիկանությանը:

Որոշ ժամանակ անց ոստիկաններն ուժով հանել են տարածքից լրագրողներին ու «Երկիր Ծիրանիի» անդամներին, այդ թվում` Փոստանջյանին։

Կարդացեք նաև՝ Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է

 Ուշագրավ
---