Բաբայան. Ալիևյան կլանը վաղուց սեփականաշնորհել է Ադրբեջան պետությունը

Բաբայան. Ալիևյան կլանը վաղուց սեփականաշնորհել է Ադրբեջան պետությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռի արձակումը հայկական դիրքերի ուղղությամբ ոչ նորություն է, ոչ էլ անսպասելի քայլ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակորդի հերթական ահաբեկչական քայլն է, որն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի, այլև՝ ամբողջ միջազգային հանրության դեմ:

«Սա նաև միջազգային հանրության մեղքն է, որը շատ երկար ժամանակ է հանդուրժում Ադրբեջանի ընդունած ահաբեկչական կերպարը՝ համտեսելով ադրբեջանական խավիարը: Նույն ԵԱՀԿ ներկայացուցչության փակելը տարածաշրջանում այս պետության հերթական քայլն է՝ ուղղված քաղաքակիրթ աշխարհի դեմ»,- նշեց նա:

Մայիսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Ըստ Բաբայանի, Ադրբեջանի վարքն ունի նաև ներքաղաքական ու ներտնտեսական դրդապատճառներ.

«Ալիևյան կլանը վաղուց սեփականաշնորհել է Ադրբեջան պետությունը: Նրանց մոտ հիմա բավական լուրջ տնտեսական ճգնաժամ է: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել: Փակվեց ադրբեջանական ամենախոշոր բանկը, նավթամթերքն արժեզրկվում է, պարենը՝ թանկանում: Հասարակությունը դժգոհում է, իսկ ալիևյան կլանը լռեցնում է բոլոր ընդդիմադիրներին, փակում ընդդիմախոս լրատվականները: Իշխանությունը պահելը նրանց համար կյանքի ու մահվան, ինչպես նաև՝ մեծ փողերի հարց է: Նաև այդ է պատճառը, որ այս ամենին զուգահեռ նրանք պետք է պահպանեն արտաքին թշնամու կերպարը, որպեսզի դրանով իրենց արդարացնեն սեփական բնակչության և արտաքին աշխարհի աչքերում»,- նշեց Բաբայանն ու հավելեց, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Ադրբեջանի նման վարքը, այլապես նման միջադեպեր դեռ երկար կգրանցվեն:

Բաբայանը շեշտեց՝ Ադրբեջանի յուրաքանչյուր նման սադրանք համարժեք պատասխան է ստանում.

«Ադրբեջանը չի կարողանում և չի կարողանալու փոխել ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Մեր զորքերը վստահ տիրապետում են իրավիճակին և վերահսկում այն»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---