Հայկական կողմն արդեն հոգնել է հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները

PanARMENIAN.Net - Հայկական կողմն արդեն հոգնել է հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Վրաստանից դուրս բերված ոչ մի ռուսական տեխնիկա Ղարաբաղում չի տեղակայվում, սուտ են նաեւ հաղորդագրությունները Հայաստանում ՌԴ նոր ռազմակայանի ստեղծման մասին: 102-րդ ռազմակայանը միանգամայն բավարար է Հայաստանի անվտանգության ապահովման եւ ռուսական շահերի պաշտպանության համար»,-ընդգծել է Շահսուվարյանը:



Նշենք, որ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուի խոսքերով, Վրաստանից դուրս բերված ռազմական տեխնիկայի մի մասը Ռուսաստանը տեղակայել է Լեռնային Ղարաբաղում: «102-րդ ռազմակայանի կատարելագործման պատրվակով ՌԴ-ն սկսել է Հայաստանում նոր ռազմակայան ստեղծել»,-հավելել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
---