ICG. Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում 1 հունիսի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլյան բախումներից մեկ տարի անց Ղարաբաղում նոր պատերազմ ավելի մոտ է քան երբևէ 1994-ի հրադադարից հետո: Այդ մասին է գրում Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերնագրով զեկույցում: Նշվում է, որ 2017-ի հունվարից հաճախակի են դարձել հրետանու ու հակատանկային միջոցների ներգրավմամբ մահացու միջադեպերը շփման գծում, որոնք վերջիվերջո կարող են լայնամասշտաբ կոնֆլիկտի վերաճել: «ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է կողմ դնեն հակասություններն ու ճնշեն կողմերին ներկա անշարժ վիճակից դուրս գալու ու նոր բռնության ռիսկերը նվազեցնելու համար», - ասվում է զեկույցում: Ապրիլից հետո 2 երկրների նախագահների հանդիպումներն էական որևէ արդյունքի չեն հանգեցրել: Նրանք իրար չեն վստահում, չեն ըմբռնում մեկը մյուսի շահերը: Ոչ նրանց, ոչ կառավարությունների, ոչ զինվորականների միջև էֆեկտիվ կապի օղակներ չկան: Այդ պատճառով ցանկացած միջադեպ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել, հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների հասարակությունները համոզված են «հարցի վերջնական լուծման» անհրաժեշտության մեջ՝ անգամ պատերազմի գնով: Հայաստանն ապրիլից հետո էապես վերազինել է առաջնագիծն ու բանակը, տեղադրել ջերմատեսիլներ ու այլ սարքեր, որոնք նվազեցնում են ադրբեջանական անսպասելի հարձակման հավանականությունը: Ղարաբաղի ղեկավարությունն 2017-ի ձմռանը եկել է եզրահանգման, որ ադրբեջանական նոր հարձակման ժամանակ պետք է ոչ թե նահանջել, այլ խորանալ հակառակորդի տարածք: Ղարաբաղյան զինուժի պլանը ենթադրում է 15 կմ-ով խորանալ ադրբեջանական տարածքում, ինչը կստիպի հակառակորդին կամ փախչել, կամ նոր պաշտպանական շղթա կառուցել: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ 300 հազարից 600 հազար նոր փախստական: Նույնկերպ, սակայն, շարունակում է զինվել ու նոր տեխնիկա ձեռք բերել նաև Ադրբեջանը: Զեկույցում նշվում է, որ Թալիշի ուղղությամբ գրաված դիրքերը պոտենցիալ վտանգ են Մարտակերտի համար, Լելեթեպեն՝ հարավի, ինչպես նաև Հադրութի ու Մարտունու համար: Հյուսիսից Ղարաբաղը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով, ինչի հետևանքով պատերազմը հավանական է Մարտակերտից Իրանի սահման ընկած 150-կմանոց ճակատի երկայնքով: Սակայն հեռակա մարտերը հավանական են ողջ 200-կմանոց շփման գծին: Իր հերթին, Աղդամի հարթավայրը կապում է Ղարաբաղի հայաբնակ շրջաններն՝ ու դրա կորուստը կստիպի հայերին հրթիռներ գործարկել ադրբեջանական քաղաքների ուղղությամբ: Բաքուն կպատասխանի Նախիջևանից՝ Հայաստանին հարվածելով: Աղդամի ուղղությունն ամենաթույլ օղակն է նաև ադրբեջանցիների համար. այն խիտ բնակեցված է, հայկական դիրքերը մոտ են այնքան, որ «լսվում է աշխատող տրակտորների ձայնը»: Կողմերի զինանոցի մասին խոսելիս հեղինակները, մասնավորապես, նշում են, որ ոչ ոք չունի առավելություն հրետանու հարցում: Չնայած դրան, նույնիսկ հայկական փորձագետներն ընդունում են ադրբեջանական կողմի ընդհանուր տեխնիկական ու քանակական առավելությունը: Փոխարենը հայկական կողմը շատ լավ տիրապետում է տեղանքին ու պաշտպանական հզոր ենթակառուցվածք է ստեղծել: Զեկույցի հեղինակները նշում են, որ ապրիլի առաջին օրերին ԼՂ բազմաթիվ կամավորներ մեկնեցին, ու մայրաքաղաքից մինչև հեռու գյուղեր ամենուր բանակի համար օգնություն էր հավաքվում: «Սոցիալական աննախադեպ համախմբումը, որը ծագեց զոհերի մասին տեղեկատվությունից հետո, լրջագույն խնդիր դարձավ իշխանության համար», - ասվում է զեկույցում: Նշվում է նաև հակամարտությունում ՌԴ դերի մասին: Մոսկվան զինում է երկու կողմերին էլ, արագորեն արձագանքում բոլոր պատահարներին: Նրա մոտիվացիան կասկածներ է առաջացնում թե Երևանում, թե Բաքվում: Երկուսն էլ համարում են, որ կոնֆլիկտը պետք է ՌԴ-ին իր դիրքերն ուժեղացնելու համար: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը կասկածում են, որ ՌԴ-ն հետաքրքրված է կոնֆլիկտի լուծում գտնելու մեջ: «Սակայն Արևմուտքի էական մասնացոթւյան բացակայության պատճառով ռուսական միջնորդությանը ռեալ այլընտրանք Երևանն ու Բաքուն չունեն», - նշվում է զեկույցում: Ամբողջական զեկույցին՝ անգլերեն լեզվով, կարող եք ծանոթանալ այստեղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |