Մովսիսյանը պատմել է, թե ինչու է հեռացել «Սպարտակից» (վիդեո)

Մովսիսյանը պատմել է, թե ինչու է հեռացել «Սպարտակից»

PanARMENIAN.Net - ՌԴ համազգային մարզական «Մատչ ՏՎ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի մասին, որը հարցազրույցում պատմել է ռուսական «Սպարտակում» կարիերայի, «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխվելու մասին:

«Այստեղ «Ռեալ Սոլթ Լեյքում» այն խելահեղ ֆուտբոլը չկա, որը կար «Սպարտակում»: Ես տարբեր ակումբներում եմ խաղացել, բայց «Սպարտակը» «Սպարտակ» է մնում: Նրանք լավագույնն են և վերջապես ապացուցեցին դա: Դա երկրի լավագույն ակումբն է», -ասել է Մովսիսյանը՝ խոսելով ՌԴ առաջնությունում ակումբի հաղթանակի մասին:

Մովսիսյանն, անդրադառնալով իր հաջողություններին «Սպարտակում», նշել է, որ դա այն է, ինչ նա կհիշի ամբողջ կյանքում: «Դա իմ ռեկորդներից մեկն է Ռուսաստանում, որը մինչ օրս չի գերազանցվել: Եթե ինչ-որ մեկը «Սպարտակի» կազմում իր առաջին խաղում 3 գոլ խփի, ես անպայման կշնորհավորեմ նրան»,-ասել է Մովսիսյանը՝ խոստովանելով, որ հետևում է «Սպարտակի» խաղերին և շփվում է ֆուտբոլիստների հետ:

Խոսելով այն մասին, թե ինչու է հեռացել ռուսական ակումբից, Մովսիսյանն ասել է, որ իր համար միշտ ամենակարևորը եղել է ընտանիքը, որից դժվար էր հեռու մնալ:

«Այդ 5 տարին հիանալի տարիներ էին ինձ համար: Երբ ես խաղում էի «Սպարտակում», դա իմ կարիերայի լավագույն շրջանն էր: Ոչ մի այլ պատճառ չի եղել, ես ուղղակի ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ, այնտեղ, որտեղ լավ է իմ կնոջ ու երեխաների համար», - ասել է Մովսիսյանը:

2013-ին Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց «Սպարտակ»: 2016-ի հունվարին հարձակվողը վարձակալվեց MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կողմից: Համաձայնագիրն ուժ մեջ էր մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը: Հոկտեմբերին ամերիկյան ակումբը գնեց Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակից»:

Ընթերցեք նաև. Յուրա Մովսիսյանը MLS 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 15-յակում է

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---