Լեհաստանը միշտ պատրաստ է կիսել բարեփոխումների անցկացման իր փորձը, որոնք նախատեսվում են Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Լեհաստանում հասարակական կարծիքի հարցախույզները ցույց են տվել, որ Եվրամիությանը Լեհաստանի անդամակցության կողմնակիցների թիվն աճել է եւ կազմում է երկրի բնակչության 85 տոկոսը: Այդ մասին Երեւանում կայացած «Լեհաստանի եվրաինտեգրման փորձն ու դասերը Հարավային Կովկասի երկրների համար» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Լեհաստանի նախագահի վարչակազմի արտաքին գործերի վարչության փոխտնօրեն Ուրշուլա Դորոշեւսկան: Նրա խոսքերով, հարցումների արդյունքում բացահայտվեցին ԵՄ-ին Լեհաստանի անդամակցության ինչպես կողմ, այնպես էլ թեր կողմերը: «Առավելությունների թվում են` բաց սահմանները, գյուղատնտեսության զարգացումը, արտասահմանում ապրելու եւ սովորելու հնարավորությունը: Վերջին 2 տարվա ընթացքում 800-900 հազար լեհեր են մեկնել արտերկիր սովորելու: Թերություններն են` կոշտ շուկայական հարաբերությունները, միջին տարիքի եւ տարեց մարդկանց համար ծագող դժվարությունները»,-նշել է Դորոշեւսկան: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ին Լեհաստանի անդամակցման 3 տարվա ընթացքում երկիրը 20,5 մլրդ եվրո է ստացել բարեփոխումների անցկացման համար: «Ես կարծում եմ, որ մեր երկրները, որոնք զարգացել են սոցիալիզմի միանման պայմաններում, բազում ընդհանրություններ ունեն եւ կարող են օգտակար լինել միմյանց համար: Լեհաստանը միշտ պատրաստ է կիսել բարեփոխումների իր փորձը, որոնք նախատեսվում են Եվրոպական հարեւանության քաղաքականությամբ»,-ընդգծել է Ուրշուլա Դորոշեւսկան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---