Կոնգրեսականները կոչ են անում չկրճատել ՀՀ-ին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսականները կոչ են անում չկրճատել ՀՀ-ին տրամադրվող օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հաղորդմամբ, Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափը։

«Նախագահի կողմից առաջարկված 2018-ի բյուջեում նախատեսված է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատում 67%-ով: Այդ կրճատումները համընկել են Հայաստանի պատմության վճռորոշ պահին, երբ այն ինտեգրվում է գլոբալ տնտեսության մեջ եւ զարգացնում երկրի ներսում ժողովրդավարությունն ու քաղաքական ազատությունները»,– ասվում է կոնգրեսականների նամակում։

Կոնգրեսականների կարծիքով, օգնության կրճատումը կսահմանափակի Միացյալ Նահանգների հնարավորությունները խթանելու Հայաստանում ամերիկյան չափանիշներն ու արժեքները:

2018 թվականի ԱՄՆ-ի բյուջեում կտրուկ նվազել է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին տրամադրվող ամերիկյան օգնության չափը: Այսպես, 57 տոկոսով նվազել է Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, 69 տոկոսով նվազել է ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, իսկ Բելառուսին 2018-ին առաջարկվում է ընդհանրապես օգնություն չտրամադրել: Լուրջ նվազելու է նաև Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը:

2016-ին Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել էր մոտ $20 միլիոնի, իսկ Ադրբեջանին՝ երկու անգամ պակաս՝ $10 միլիոնի օգնություն: 2018-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել $6.8 միլիոնի օգնություն, իսկ Ադրբեջանին տրամադրվելու է մեկ միլիոնի օգնություն: Այսպիսով, բյուջեի նախագծով Հայաստանին տրամադրվող օգնությունն առաջարկվում է կրճատել 67, իսկ Ադրբեջանինը՝ 90 տոկոսով:

Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին վերախմբագրել Հայաստանի օգնության մասով Սպիտակ տան բյուջեի նախագիծն' ապահովելով Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նախորդ տարիների մակարդակի վրա: Այդ կոչին են միացել նաև Միացյալ Նահանգների հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները:

«Հսկայական գլոբալ անվստահության պայմաններում Միացյալ Նահանգները պետք է շարունակի խթանել դաշնակիցների առաջընթացը և պետք է հետ չկանգնի իր պարտավորություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն», - նշված է կոնգրեսականների նամակում: Հայաստանին ամերիկյան օգնության չափն ավանդաբար ավելանում է Կոնգրեսի ընդունած բյուջեի նախագծերում:

Հատկանշական է, որ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծում ընդգծվում է, որ արտաքին օգնության կրճատման հետ միասին անհրաժեշտ է նաև ավելացնել յուրաքանչյուր տրամադրվող դոլարի արդյունավետությունը, որպեսզի այն երկրների քաղաքացիները, որոնց հատկացնում են այդ օգնությունը, զգան դրա դրական ազդեցությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---