Օտտավայում բացվել է հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին

Օտտավայում բացվել է հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին

PanARMENIAN.Net - Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին: Քանդակը տեղադրվել է Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում:

«Կիսանդրին հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է ամուր բարեկամությունը Կանադայի և Հայաստանի միջև»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Միջոցառմանն ունեցած իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես հանդիսանալու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Դեսպանն ընդգծեց, որ հատկանշական է արձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908թ-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում: Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը:

Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին:

1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք:

Photo. ANCC's Facebook page
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---