ՀՀ ԱԳՆ ղեկավար. «Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հետեւում նախադեպերին»

PanARMENIAN.Net - «Միջազգային հարաբերություններում, անկախ մեր ցանկությունից, նախադեպերը որոշակի ազդեցություն են ունենում: Դրանց կրկնությունը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային իրավունքի հիմք: Սակայն, անկախ ամեն ինչից, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հետեւում նախադեպերին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով հարցին` արդյոք Կոսովոն կարող է դառնալ նախադեպ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: «Մեր մոտեցումը հակամարտությունների հարցերին կար եւ մնում է հետեւյալը. բոլոր հակամարտությունները տարբեր են իրենց էությամբ, եւ դրանցից յուրաքանչյուրի կարգավորումը կարող է իր անհատական բանաձեւն ունենալ: Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները տարվում են ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է, եւ այս դեպքում հնարավոր չէ շրջել պատմության ընթացքը, անկախ այն բանից` ինչպիսի կարգավորում կստանան մյուս հակամարտությունները: Եթե Կոսովոյի խնդրի արդյունքը նախադեպ չէ, ապա մեզ համար նաեւ անընդունելի է նախադեպին հակառակ տրամաբանությունը»,- նշել է նա: Այսինքն, Վ. Օսկանյանի խոսքերով, եթե միջազգային հանրությունը ցանկանում է հասկացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրին, որ Կոսովոյի անկախությունը չի ենթադրում Ղարաբաղին անկախության տրամադրումը մեքենայաբար, ապա միեւնույն ժամանակ, այն պետք է բացատրի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացման հնարավորությունը: «Այլ խոսքերով, յուրաքանչյուր հակամարտություն պետք է ունենա իր անհատական կարգավորումը` ելնելով իր յուրահատկություններից եւ տրամաբանությունից»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
 Ուշագրավ
---