Հրազդանում կարող է աղբից էլէներգիայի վերամշակման արտադրամաս կառուցվել

Հրազդանում կարող է աղբից էլէներգիայի վերամշակման արտադրամաս կառուցվել

PanARMENIAN.Net - Ուսումնասիրվում է Հրազդանի տարածքում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայան կառուցելու հնարավորությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը՝ մանրամասնելով, որ ներկայում քննարկվում են արտադրության հետ կապված տեխնոլոգիական հարցերը:

«Դրան զուգահեռ ուսումնասիրվում է նաև աղբի որակը: Ընտրված տեխնոլոգիայից և աղբի որակից կախված՝ պարզ կլինի ներդրումների ծավալը»,- մանրամասնեց խոսնակը:

Վասակ Թարփոշյանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվելու է մասնավոր ներդրողի կողմից:

«Ուսումնասիրություններից հետո կպատրաստվի տեխնիկատնտեսական հիմնավորում, կկազմվի գործարար պլան, որից հետո պարզ կլինի ծրագրի իրականացման ժամկետը», -նշեց նա:

Մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը հայտարարել էր, որ, հնարավոր է, Հրազդանի տարածքում կառուցվի վերամշակող արտադրամաս, որտեղ աղբը կվերամշակվի էլեկտրաէներգիայի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---